Տնտեսություն

Սոցիալական փաթեթի ներդրումը նպաստել է Հայաստանում ներքին զբոսաշրջության աճին

2 րոպեի ընթերցում

Սոցիալական փաթեթի ներդրումը նպաստել է Հայաստանում ներքին զբոսաշրջության աճին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներքին զբոսաշրջությունը մեկ տարում աճել է շուրջ 30 տոկոսով` կազմելով 669 հազար 540 մարդ: Աճը բացարձակ թվով կազմել է 154 հազար, որից միայն 35 հազարը սոցիալական փաթեթի շահառուներն են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ սոցիալական փաթեթները էականորեն նպաստում են ներքին զբոսաշրջության զարգացմանը: «Շարունակվում է սոցիալական փաթեթներով հանգստի կազմակերպումը, որն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառված զբոսաշրջային օպերատորների միջոցով: Նրանց ցանկը հրապարակված է, և սոցիալական փաթեթից օգտվողները կարող են տեղեկություններ ստանալ օպերատորների կողմից ներկայացված ծառայությունների վերաբերյալ: Սոցիալական փաթեթի շահառուները ազատ են ընտրելու ցանկացած զբոսաշրջային օպերատորի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ապրեսյանը:

Զբոսաշրջության վարչության պետը նշեց, որ տուրօպերատորների համար հատուկ պայման է սահմանված, որ փաթեթեները շահառուներին վաճառելիս փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի հյուրանոցի հայտարարած մանրածախ գինը: «Միայն այն պարագայում, եթե զբոսաշրջային փաթեթն իրացնելիս հյուրանոցային ծառայություն իրակնացնող անձը ավելացրած արժեքի հարկ վճարող չէ , իսկ զբոսաշրջային օպերատորը վճարում է ԱԱՀ, ապա թույլատրվում է հյուրանոցային ծառայության գինն ավելացնել ԱԱՀ-ի չափով»,- հավելեց նա: Ապրեսյանի խոսքով, բացի ՀՀ և ԼՂՀ տարածքում ներքին զբոսաշրջիկների բնականոն աճին նպաստելուց, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը նպաստել է զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցային տնտեսությունների միջև համագործակցության ձևավորմանը:

2014 թվականի 1-ին կիսամյակում սոցիալական փաթեթեի հանգստի ապահովման ծառայության շրջանակում կնքվել և իրացվել է 8050 պայմանագիր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2396-ի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում