Քաղաքականություն

Հայաստանը պահանջում է Կարեն Պետրոյանի դիակի միջազգային փորձաքննություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պահանջում է Կարեն Պետրոյանի դիակի միջազգային փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ:

«Սույն թվականի օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Կարեն Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կարեն Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների և կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Կ.Պետոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում