Վարչապետն արձագանքել է Վանաձորի քիմաշխատակիցների բողոքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 6-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզկենտրոն Վանաձորից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման և «911» ծառայության Լոռու ահազանգման կենտրոնների բացման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել կենտրոններում, ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և հնարավորություններին:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանը մոտեցել է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության շենքի մոտակայքում հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր բողոքել են, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, իսկ գործարանի ճակատագիրն անհայտ է: Գործադիրի ղեկավարը լսել է անհատապես բոլոր աշխատակիցներին և խոստացել հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ պատասխանատուներին:

Վանաձորից երկրի վարչապետն ուղևորվել է Հաղպատ համայնք՝ մասնակցելու հիմնանորոգված միջնակարգ դպրոցի շենքի բացմանը: 192 աշակերտի համար նախատեսված այս կրթօջախում այսօր սովորում է 88 աշակերտ: Ծանոթանալով դպրոցի բարեկարգման ծրագրի արդյունքներին՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել կատարված շինաշխատանքներից:

Հաղպատի դպրոցը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 116.773.943 ՀՀ դրամ: Այն իրականացվել է 2013 թ. հուլիս-2014 թ. հունիս ժամանակահատվածում: Դպրոցի երրորդ հարկի ներքին հարդարման աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ ՀՀ կառավարության տրամադրած 4-րդ հրատապ ծրագրով՝ 18.997.923 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Կրթօջախին հատկացվել է 4.038.000 դրամին համարժեք դպրոցական գույք: Հիմնանորոգվել է դպրոցի տանիքը, վերակառուցվել է սանհանգույցային համակարգը, կատարվել են երեսպատման, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, փոխարինվել են էլեկտրահաղորդալարերը և պատուհանները, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության համակարգեր, անցկացվել են հակահրդեհային ազդարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու արտաքին ու ներքին ցանցեր, վերակառուցվել է մարզադահլիճը և այլն:

Կառավարության ղեկավարի այցի հաջորդ կանգառը Լոռու մարզի Ախթալա համայնքն էր: Վարչապետը նախ շրջայց է կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել նաև Ախթալա համայնքի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Լոռու մարզ Հայաստանի վարչապետի աշխատանքային այցն ավարտվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում շրջայցով, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ընթացիկ և առաջիկա ներդրումային ծրագրերին:

Հայերեն Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26