ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի՝ մարդկային հինգ տարբեր ճակատագրեր շաղկապող «Շքամուտք» ֆիլմն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում: 1990-ական թվականների իրադարձությունների համատեքստում մեկ շքամուտքի հինգ դռների հետևում ապրող մարդկանց խնդիրները, դժվարությունները, կյանքը ներկայացնող կինոնկարն արդեն ցուցադրվել է կինոթատրոններում:
«Այս ֆիլմն իմ դեբյուտային աշխատանքն է: Այն ընդգրկում է 90-ականներից մեր օրերն ընկած ժամանակաշրջանը: Մարդիկ ունեցել են խնդիրներ, դժվարություններ, որոնք ազդել են նրանց հոգեբանության վրա: Մեր ուժն է, որ մեզ թույլ է տվել հասնել մեր օրերը: Չէի ասի, որ հեշտ էր մեկ ֆիլմում ներկայացնել մի քանի պատում: Հինգ նովելների հերոսներին միավորում է ժամանակաշրջանը, «շքամուտք» խորհրդանշական տարածքում նրանք միաձուլվում են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Լուսինե Սարգսյանը:
Ռեժիսորի համոզմամբ, 90-ականները շատ կարևոր էին հայ ազգի համար: «Նմանատիպ պատմություններ միշտ լինում են: Ես արժևորել եմ 90-ականներին մարդկանց միջև եղած ջերմությունը, որը մենք ժամանակի ընթացքում կորցրինք: Մարդիկ անտարբեր չէին հարևանի ցավի հանդեպ: Փորձել եմ հնարավորինս ռեալիստական պատմություններ ներկայացնել, կարծում եմ, որ դրանք մոտ են կյանքին, իսկ 2-3 նովել իրական հիմք ունեն»,-նշեց ռեժիսորը:
Նովելները տարբեր են ոճով, որովհետև տարբեր են հեղինակների ձեռագրերը: «Յուրաքանչյուր տուն ունի իր նկարագիրը, ապրելու ռիթմը և տեսակը»,-նշեց Լուսինե Սարգսյանը:
«Շքամուտք» ֆիլմի սցենարի հեղինակներն են Հարություն Հարությունյանը, Գնել Նալբանդյանը, Հովհաննես Թեքգյոզյանը և Կարինե Խոդիկյանը: Գլխավոր դերերը մարմնավորել են Շանթ Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Լարիսա Ղևոնդյանը, Բաբկեն Չոբանյանը, Արշավիր Փանոսյանը, Ռուբինա Ռուբենը, Աշոտ Դիզակը, Հերմինե Ստեփանյանը, Լիլի Վարդանյանը և Սաթիկ Հախնազարյանը: Ֆիլմն էկրանավորել է «Արեմակ» ընկերությունը:
«Շքամուտք» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը բաղկացած է հինգ նովելից: Նովելներից մեկը պատմում է արտագնա աշխատանքի արդյունքում ձևավորված սիրային հարաբերությունների և ճակատագրական շրջադարձի մասին: Կին և տղամարդ 90-ականներին, ելնելով երկրի սոցիալական ծանր պայմաններից, մեկնել են Լեհաստան արտագնա աշխատանքի` հայրենիքում թողնելով յուրաքանչյուրն իր ընտանիքը: Տարիներ շարունակ ապրել ու աշխատել են, ապա կորցրել են միմյանց ու վերադարձել հայրենիք: Բաժանումից 20 տարի անց նրանք անսպասելի հանդիպում են:Մյուս նովելը ընկերության կորստի մասին է: 90-ականներին հատուկ ֆինանսական շրջապտույտը պատճառ է դառնում խաբեության, բարոյական անկման և ի վերջո ընկերների բաժանման: Երրորդ նովելն առաջին հայացքից խափանված ժամադրություն է, որի ֆոնին երևանցիներին հատուկ մի տան պես ապրելու, միմյանց օգնելու հատկությունն է, ինչը շատ ցայտուն երևաց հենց 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ մի վառարանի կողքին կարող էր հավաքվել մի ողջ շքամուտք: Հաջորդ նովելը ազատամարտիկի պատմություն է, որն իր սկզբունքներին հավատարիմ մնալու պատճառով դատապարտված է մենակության՝ լքված ընտանիքի կողմից: Սակայն նա պատրաստ է իր անցած ճամփան անցնել նորից` ոչինչ չփոխելով: Նոր զգացմունքները կյանքը վերսկսելու, ապագային հավատալու խթան են հանդիսանում:
Նովելների շարքը եզրափակվում է նոր ծնվող կյանքի գաղափարով: Հերոսները 90- ականների գորշ իրականության մեջ ապրող ու ապագային հավատացող հղի կանայք են, որոնք բնությունից տրված մայրական ուժի շնորհիվ ծնեցին ներկայիս սերունդը: Այս հիմքի վրա կառուցված է երկու կնոջ պատմություն, երկուսն էլ` հղի և ապրում են նույն ընտանիքում: Նրանց ամուսինները ընտրել են տարբեր ճանապարհներ. մեկը` արցախյան պատերազմի, մյուսն` արտագնա աշխատանքի: Կանայք նույնպես հակասական են իրենց բնույթով ու սկզբունքներով: Անկախ առօրյա վեճերից և հնարավոր կորուստներից` նրանք պայքարում են իրականության դեմ ու փայփայում իրենց մեջ ապրող երազը: