ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայազգի ուղևորներին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: «ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ` տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ»,- աված է հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.
1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;
2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով` Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: