ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հրեական կինոյի այցետոմս»Ամոս Գիտայը Հայաստանում է: Անվանի ռեժիսորը մեր երկիր է ժամանել երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Գիտայի «Անա Արաբիա»,«Սահմանազատում»,«Ազատ գոտի»,«Ավետյաց երկիր» ֆիլմերը կներկայացվեն փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» բաժնում:
Գիտայը հուլիսի 15-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ առաջին անգամ է Երևանում և ուրախ է այստեղ գտնվելու համար:
«Ես անում եմ ֆիլմեր ինքնության մասին: Հայ և հրեա ազգերի պատմություննների մեջ շատ զուգահեռներ կան, երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեն կորսված տարածքների խնդիր: Երկար տարիներ եմ մտածել Երևան գալու մասին, համակրանք և կարեկցանք եմ ունեցել տառապանքի մեջ եղած հայ ժողովրդի նկատմամբ, որն աշխարհին իր ցավը հասցնելու խնդիր ունի: Երուսաղեմի ամենագեղեցիկ թաղամասը հենց հայկականն է: Քանի որ կինոյի աշխարհն ընտանիքի է նման, ես ունեմ նաև հայ ընկերներ, ինչպես Էգոյանը և Գետիկյանը, և այսօր պետք է այստեղ տեսնեմ տարբեր վայրեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ամոս Գիտայը:
Անդրադառնալով ցեղասպանությունների թեմային ՝ անվանի ռեժիսորն ընդգծեց, որ արդարացված է համարում հայերի և հրեաներրի պահանջը: «Սա պարզապես հիշողության հետ կապված խնդիր չէ, այն առնչվում է մեր ապագային, քանի որ անցյալի ոճրագործություններն ընդունելով` վստահ կլինենք, որ նման ոճրագործությունները չեն կրկնվի: Քաղաքական իրադարձությունները կարևոր են, սակայն ավելի կարևոր է արվեստը, որը պետք է ներգրավել ցեղասպանության ճանաչման գործում»,-ընդգծեց ռեժիսորը:
Գիտայի կարծիքով, կինոն հիշողությունը պահպանելու հզոր ձև է, և ցանկացած ռեժիսոր պետք է տեսնի, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, քանի որ ֆիլմը պետք է ոչ միայն պարունակի տեղեկություն, այլև պետք է արտահայտի հայեցակետեր:
«Եթե մենք նայենք տարբեր լրատվական հաղորդումները, կնկատենք, որ դրանք սուբյեկտիվ են, իսկ կինոն թույլ է տալիս ձևավորվել անկախ կարծիք»,-նշեց նա:
Գիտայը տարիներ առաջ ճարտարապետություն է ուսանել, և հաճախ է իր ուսանողներին ասում. «Եթե ուզում եք կինոռեժիսոր դառնալ, սովորեք ճարատարապետություն»: Անվանի ռեժիսորի կարծիքով, երիտասարդ սերնդի հիմնական խնդիրն այն է, որ նրանց վրա դրվում է արագ հաջողություների հասնելու խնդիր, իսկ ինքը համբերատար ձևով է անցել իր ճանապարհը:
«Ցանկացած թեմայի ընտրության հիմքում ընկած է անկեղծություն:Կինոյի աշխարհում գաղափարների սով է: Ինձ համար ամենակարևորը սովորելն է, քանի որ կինո ստեղծել նշանակում է սովորել»,-համոզված է Ամոս Գիտայը:
Ամոս Գիտայը ծնվել է 1950-ին Հայֆայում (Իսրայել): Ամոս Գիտայը ճարտարապետություն էր ուսանում՝ հետևելով իր հոր ուղուն, երբ Ահեղ դատաստանի պատերազմ կոչված արաբա-իսրայելական չորրորդ պատերազմն ընդհատեց նրա ուսումը. Ուղղաթիռով առաջադրանքներ կատարելիսSuper-8 տեսախցիկիօգտագործումն էր, որ Գիտային մղեց կինոռեժիսուրայով զբաղվելու: Իսրայելում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ապրած ռեժիսորը ստեղծել է արտասովոր, տարաբնույթ ու խիստ անձնական գործեր: Մոտ 40 վավերագրական և խաղարկայինֆիլմերում, այնպիսի թեմաների միջոցով, ինչպիսիք են հայրենիքըև տարագրությունը, կրոնը, սոցիալական վերահսկողությունը և ուտոպիան, Գիտայը բացահայտել է Մերձավոր ու Միջին Արևելքիպատմության շերտերը՝ ներառյալ իր անձնականը: Նրան բնորոշ ոճի մասն են կազմում երկար պլանները՝ կինոխցիկի հազվադեպ, բայց էական տեղաշարժով և արտակարգ նրբամիտ հումորի զգացմամբ:70-ականների վերջին և 80-ականների սկզբին Գիտայը նկարահանեցբազմաթիվ վավերագրական աշխատանքներ, որոնց թվում էին «Տունը» և «Դաշտային օրագիրը»: Միաժամանակ նա Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում պաշտպանեց իր թեկնածուականը ճարտարապետության գծով: «Դաշտային օրագրի» առաջացրած հակասական արձագանքի պատճառով Գիտայը 1983-ին տեղափոխվեց Փարիզ, որտեղ հիմնվեց հետագա տասը տարիներին և շարունակեց հաճախ ճամփորդել՝ ստեղծելով այնպիսի վավերագրական կինոկարներ, որոնցից է «Արքայախնձորը»: Այս շրջանում էր, որ նա սկսեց նկարահանել խաղարկային և պատմական ֆիլմեր տարագրության մասին: 90-ականների կեսին Գիտայը տեղափոխվեց Հայֆա և մոտ 10 տարվա ընթացքում կյանքի կոչեց գրեթե 15 ֆիլմ՝ թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային: Գիտայի՝ իսրայելական քաղաքներին նվիրված եռերգության առաջին ֆիլմը «Դեվարիմն» էր (1995), որին հետևեցին «Յոմ Յոմը» և «Քադոշը»: Այս վերադարձը հայրենիք նաև ուղևորություն էր դեպի սեփական անցյալը. Գիտայը նկարահանեց «Քիփուրը» (2000)՝ իր պատերազմական հուշերի վրա հենվածխաղարկային ֆիլմ, որը Կաննի ՄԿՓ-ում արժանացավ Ֆրանսուա Շալեի մրցանակին: Դրան հետևեցին «Եդեմ» (2001) և «Քեդմա» (2002) ֆիլմերը. երկուսն էլ մեզ տանում են Իսրայել պետության ստեղծման ժամանակները՝ ի ցույց դնելով դրա ակունքները, պատմական և գաղափարական հիմքերը: «Ավետյաց երկիրը» (2004, «Ապագայի կինո» մրցանակ Վենետիկի ՄԿՓ-ում) և «Ազատ գոտի» ֆիլմերը պատկերում են երկրի և ամբողջ տարածաշրջանի ներկայիս դրությունը: Միասին սրանք կազմում են այն եռերգության առաջին երկու մասը, որը պատմում է սահմանների մասին մի տարածաշրջանում, որտեղ դրանցհաստատումը հղի է դրամատիկ հետևանքներով: 2013-ին Վենետիկի ՄԿՓ-ում Գիտայը «Անա Արաբիա» (2013) ֆիլմի համար արժանացավ SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ Կաթիլ» մրցանակին: Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել, օրինակ, Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Թորոնթոյի ֆիլմադարաններում և այլուր: