Պաշտոնական

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

2 րոպեի ընթերցում

Կառավարության ղեկավարը  ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանըշրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Նա ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի և ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ: Դա մեր երկրում մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնային հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսլերատորի հետ: Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում: Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնային հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:

Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը դիտայց է կատարել Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում: Տարածքին ծանոթանալու նպատակն էր ուսումնասիրել տարածքը՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հանրապետության վարչապետի Շիրակի մարզ այցը եզրափակվել է մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները և արձանագրված խնդիրների առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում