Կառավարության առաջնայնությունը ներդրումների ներգրավմամբ աշխատատեղերի ստեղծումն է. ՀՀ վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության առաջնայնություններից գլխավորը նոր ներդրումների ներգրավմամբ մարդկանց համար աշխատեղերի ստեղծումն է: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք ունենք բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ, բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծման համար կառավարությունը ջանք չի խնայելու: Մեր նպատակն է, որպեսզի արտերկրից Հայաստան ներգրավենք նոր ներդրումներ, ստեղծենք աշխատատեղեր տարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ ունենալու ենք հաջողություն, և ես դրանում չեմ կասկածում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում քննարկվել են կարկտից տուժած բոլոր համայնքների խնդիրները, և հանձնաժողովը կիրականացնի վնասի գույքագրում` հասկանաու համար, թե ինչպիսի օժանդակություն պետք է ցուցաբերել:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև այն մտահոգություններին, որոնք առնչվում էին էներգետիկայի ոլոտում գների բարձրացմանը: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե բարձրացում չլիներ, ապա այդ ոլորտը կենթարկվեր կոլապսի և նոյեմբեր-դեկտեմբերին էներգամատակարարումը կհասներ ընդամենը 10 ժամի:
«Խնդիրները բազմազան են, և ՀՀ կառավարությունն աստիճանաբար գնալու է դրանց լուծմանը: Պարզապես, անհրաժեշտ է ժամանակ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացավ կրկին այցելել բուհ, քննարկել խնդիրներն ու նոր ծրագրերը: