Պաշտոնական

Առանց սահմանադրական բարեփոխումների համակարգային փոփոխությունները չեն կարող լինել համընդգրկուն. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Առանց սահմանադրական բարեփոխումների համակարգային փոփոխությունները չեն կարող լինել համընդգրկուն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:

Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:

Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում