Պաշտոնական

Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

3 րոպեի ընթերցում

Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», - նշել է կառավարության ղեկավարը:

ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել և փոխանցել Հայաստանի հարցով ԵԽԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները: Աքսել Ֆիշերը և Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը: «Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե´ Հայաստանի, թե´ Եվրոպայի համար»,- ընդգծել են համազեկուցողները:

Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերություններին և ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում