Հասարակական

Նամակ վարչապետին. քաղաքացիները խնդրում են պահպանել Աֆրիկյանների ակումբի շենքը

2 րոպեի ընթերցում

Նամակ վարչապետին. քաղաքացիները խնդրում են պահպանել Աֆրիկյանների ակումբի շենքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ խնդրել, որ օրենքի սահմաններում վարչապետը քայլեր ձեռնարկի կառույցի պահպանման համար:

«Մենք` «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամներս, գտնում ենք, որ հանրապետական նշանակության այս հուշարձանի քանդումը հակասում է ՀՀ օրենքներին, մասնավորապես 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որեւէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...»: Այսօր Աֆրիկյանների ակումբի շենքին որեւէ վտանգ չի սպառնում, եւ քանդման համար բերվող հիմնավորումները չեն բավարարում նշված կոնվենցիայի դրույթներին։ Միեւնույն ժամանակ, գտնում ենք, որ, նույն այդ դրույթից ելնելով, անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը՝ ավելացնելով դրանք հավելված 1-ում նշված պահպանության ենթակա հուշարձանների ցանկին»,- ասված է նամակում:

Նամակով նախաձեռնության անդամները պահանջում են հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը եւ փրկել Երեւանի 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում