Վարչապետի մոտ քննարկվել են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է խորհրդակցություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի խնդրի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը զեկուցել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին: Աշխատանքային խումբը ներկայացրել է ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության և դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները:
Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել առաջարկվող փոփոխությունները և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստի հաստատմանը: