Հայաստանում կներդրվի ընտանեկան բիզնեսի կարգավիճակ և կնվազեցվի շրջանառության հարկը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հոկտեմբերի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից կնվազեցվի մինչև 1 տոկոս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսավարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը: Ներկայացնելով օրենքի նախագիծը` ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ դա նպաստելու է փոքր և միջին ձեռնարկությունների կանոնակարգմանը: «Օրենքի նախագծով ծրագրվում է նաև Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան մինչև 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն շրջանառության հարկից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից առևտուր իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը դառնում է պարտադիր: «Հարկային մարմնին վերապահվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգել փաստաթղթի առկայությունը, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից կիրառվելու են պատասխանատվություններ: Առաջին խախտման դեպքում կտրվի նախազգուշացում, 2-րդ խախտման դեպքում վարչական տուգանք` 20 հազար դրամի չափով, 3-րդ խախտման դեպքում` շրջանառության 5 տոկոս, 4-րդ խախտման դեպքում տեղափոխվում է ավելացված արժեքի հարկի դաշտը»,-ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով,այս պատժամիջոցները կներդրվեն փուլային տարբերակով:
Ծրագրվում է նաև 2015 թվականից հանել նախազգուշացման, իսկ 2016 թվականից՝ տուգանքի ինստիտուտը: 2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5 տոկոս դրույքաչափով, իսկ եկրորդ խախտման դեպքում տնտեսավարող սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ դաշտում: