Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկում են սահմանդրական բարեփոխումների հայեցակարգը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառման բացման խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան կարևորեց նման քննարկումների անցկացումը և ողջունեց այն, որ հանրային քննարկմանը ներկա են տարբեր կուսակցությունների անդամներ, հատկապես, ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: «Շատ կարևոր է, որ շահագրգիռ կողմերը որոշում կայացնեն` արդյո՞ք այս փուլում բարեփոխումների անհրաժեշտություն կա, թե ոչ և եթե այո, ապա ի՞նչ ողղությամբ պետք է դրանք իրականացվեն: Երկու օրերի քննարկման առարկան կլինի իրավունքի գերակայության պաշտպանության հարցը, նաև Հայաստանի համար կառավարման որ համակարգն է ճիշտ և սահմանադրական բարեփոխումները որքանով են կապված ընտրական համակարգի բարեփոխումների հետ»,-նշեց Հրիսթեան` ավելացնելով, որ անկախ նրանից` սահմադրությունում կառավարման ինչ համակարգ է ընտրվելու, ընտրական համակարգի փոփոխություններ կարող են իրակայացվել:
«Ընտրական բարեփոխումները ԵԱՀԿ դիտորդների խորհուրդների հիման վրա կարող են իրականացվել: Ընտրությունների արանքում այդպիսի փոփոխություններ անցկացնելու հնարավորություն կա: Քանի որ խաղի կանոնները չպետք է փոխվեն ընտրություններից մեկ տարի առաջ, ապա այդ փոփոխությունները պետք է իրականացվեն մինչ 2016 թվականը: Լավ կլինի, որ այսօրվա ու վաղվա քննարկման ժամանակ քաղաքական կուսակցությունները ընդհանուր հայտարարի գան»,-հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը` նշելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հետագա քննարկումների անցկացմանը:
ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով` հանրային քննարկումն այս փուլում հատկապես քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպելը ոչ այնքան կարևոր է մասնակիցների, որքան մասնագիտական հանձնաժողովի համար: «Առաջիկայում մենք սկզբունքային հարցերի հետ կապված պետք է ընտրություն կատարենք ու շատ կարևոր են ձեր կարծիքները, որպեսզի հիմնարարար հարցերում կարողանանք կողմնորոշվել: Քննարկման առարկա է դարձել ոչ թե ընդունված փաստաթուղթ, այլ հայեցակարգի նախագիծ»,-ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների վերջնական որոշումը կայացնելու են հենց ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը ու նրանց կարծիքներին պետք է ականջալուր լինել:
Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային քննարկումները մեկնարկել են մայիսի 20-ին: Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները անցկացվում են հունիսի 5-ին և 6-ին:
Քննարկումը կազմակերպվում է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ: