Տնտեսություն

Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները անընդհատ կարելի է զարգացնել՝ հաշվի առնելով այդ երկրի ներուժը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ պատասխանելով հայ-չինական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակի և հեռանկարների վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին: «Չի կարելի ասել, որ հայ-չինական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը բավարար է՝ հաշվի առնելով այդ երկրի մեծ ներուժը: Կարծում եմ, որ ակտիվացնելու տեղ միշտ էլ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ այդ կապերն ակտիվացնելու ուղղությամբ Հայաստանը ակտիվ աշխատանքներ է տանում:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ են վարվում ՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերում չինական ընկերությունների մասմակցության վերաբերյալ: «Խոսքը վերաբերում է ճանապարհային մայրուղուն և երկաթգծի նախագծին»,- պարզաբանեց նա:

Բացի այդ, համագործակցության բավականին լուրջ ծրագիր է մշակվել, որն այս պահին գտնվում է չինական կողմի մոտ, որը նախատեսում է Հայաստանի ազգային հեռուստատեսության շենքի ամբողջական վերանորոգումը և ամբողջական վերազինումը: «Դա ահռելի ծախսերի հետ կապված ծրագիր է»,- նշեց Մանասարյանը:

Չինաստանը հետաքրքված է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իր մասնակցության և ակտիվության ընդլայնման հարցում. Այդ աշխատանքները նույնպես իրականացման փուլում են:

Կա մեծ նախագիծ, որի վերաբերյալ Հայաստանը սպասում է Չինաստանի պատասխանին: «Խոսքը վերաբերում է տարածաշրջանային նշանակության չինական դպրոցի կառուցմանը, որը պետք է հիմնադրվի Հայաստանում»,- ասաց ԱԳ փոխնախարարն՝ ընդգծելով, որ բանակցություններ են սկսվել նաև սահմանային կետերի վերազինման վերաբերյալ համագործակցություն սկսելու շուրջ:

Շուտով բանակցություններ կսկսվեն Չինաստանից արտոնյալ վարկ ստանալու վերաբերյալ: Մանասարյանը մանրամասնեց, որ արտոնյալ վարկ ասելով՝ նկատի ունի օգնություն:

Փոխնախարարն ընդգծեց, որ հաշվի առնելով չինական գործընկերների հետ աշխատանքի փորձը, կարող է վստահեցնել, որ չինական կողմից տրվող բոլոր խոստումներն իրականություն են դառնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում