Հայաստանում Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցողները նոր նախագահից ակնկալում են խաղաղության ապահովում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Վրաստանում հաստատված Սիրիայի քաղաքացիները մայիսի 28-ին մասնակցում են Սիրիայի նախագահական ընտրություններին Երեւանում Սիրիայի դեսպանատանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին ընտրելու իրավունք ունեցող Սիրիայի քաղաքացիները, ովքեր ներկայում ապրում են Հայաստանում, նոր նախագահից ակնկալում են Սիրիայում պատերազմի դադարեցում և երկրի քաղաքական իրավիճակի կայունացում: Սիրիացի Հալհա Հադդան, ում մայրիկն է հայ, Հայաստանում հինգ ամիս է, ինչ հաստատվել են, հիմնական խնդիրն աշխատանք գտնելն է, քանի որ ունեն լեզվական խնդիրներ. կինը չի տիրապետում հայերենին: «Մենք ծրագրում ենք հետ վերադառնալ Սիրիա, երբ իրավիճակը կլավանա: Այն մեր երկիրն է, մեր հիշողությունները կապված են այնտեղի հետ, բայց մենք Հայաստանն էլ ենք սիրում: Սա մեր մեծ մայրիկի հայրենիքն է: Այստեղ թանկ է ապրուստը, բայց մարդիկ շատ լավն են»,-նշեց Հալհա Հադդայի դուստրը` Ջոաննա Սաային, ով ներկայում մասնագիտանում է ռուսերեն, անգլերեն-արաբերեն թարգմանչական ուղղությամբ:

Հայազգի Գևորգ Միրզոյանը քվեարկելուց հետո հույս է հայտնում, որ նոր նախագահը կկարողանա վերադարձնել խաղաղությունը: Նա Հայաստանում է հաստատվել երկու տարի առաջ: Այստեղ միայնակ է բնակվում, ծնողները Սիրիայում են, քանի որ եղբայրը ծառայում է սիրիական բանակում: «Վաղուց առաջարկել եմ, որ այստեղ գան ապրելու, բայց իմ եղբայրը բանակում է, չեն գալիս»,-նշեց երիտասարդը:

Գևորգ Միրզոյանն աշխատում է ռեստորանում որպես մենեջեր: Հիմնական խնդիրը համարում է այն, որ մասնագիտությամբ չի աշխատում: «Հայաստանում հիմնական խնդիրը կապված է աշխատանքի և աշխատավարձի հետ: Ամեն մեկն ուզում է իր մասնագիտությամբ աշխատել: Ես տնտեսագետ եմ, բայց չկարողացա հաշվապահի կամ գանձապահի աշխատանք գտնել»,-ասաց Գևորգը` հույս հայտնելով, որ ամեն ինչ լավ կլինի: «Հույս ունենք նորից վերադառնալ Սիրիա, երբ իրավիճակը կայունանա: Հայաստանն էլ սիրում եմ, նախընտրում եմ այստեղ ապրել, քան ուրիշ երկրում»,-հավելեց նա:

64-ամյա Հայկ Բյուզանդյանը հաստատվել է Հայաստանում արդեն հինգ տարի ու զբաղվում է շինարարությամբ: Նա ուզում է, որ Սիրիայում ավարտվի պատերազմը, բայց նշում է, որ ամենայն հավանականությամբ չի վերադառանա հետ, քանի որ Հայասանում իրեն շատ լավ է զգում: «Մաղթում ենք, որ այս մեծ պատերազմի վերջը գա, ամեն ինչ մոռանանք, կրկին վերականգնվի Սիրիան»,-հավելեց Հայկ Բյուզանդյանը:

Էլիզաբեթ Սեբեչյանը ևս կարծում է, որ Սիրիայի նորընտիր նախագահի առաջին խնդիրը պետք է լինի երկրում քաղաքական կայունության հաստատումը: «Ով էլ, որ լինի նախագահը, շատ կարևոր է պատերազմի դադարեցումը, քանի որ գրեթե բոլոր քաղաքներում անվտանգությունն ապահովված չէ: Ցանկանում են, որ պատերազմը դադարեցվի ու վերակառուցումն սկսվի, որպեսզի կարողանան այնտեղ բնակվողներն ապրել նորմալ պամաններում: Այստեղից էլ ով ցանկանա, նորից վերադառնա Սիրիա»,-ասաց Էլիզաբեթ Սեբեչյանը:

Նա Հայաստանում ապրում է մոտ մեկ տարի և դեռ դժվարություններ ունի աշխատանք գտնելու հարցում, բայց այստեղ հաստատուն աշխատանք գտնելու պարագայում, կգերադասի Հայաստանում ապրել: «Ես քիմիկ եմ, աշխատանք եմ փնտրում, եթե այստեղ կայունանանք, այստեղ կկառուցենք մեր ապագան»-նշեց նա:

Հայտնի չէ, թե Հայաստանում քանի սիրիահայ կմասնակցի քվեարկությանը, քանի որ դեսպանության աշխատակիցները հենց մուտքի մոտ արգելել են լրագրողների մուտքը դեսպանատուն, հրաժարվել տրամադրել որեւէ տեղեկություն եւ մատնանշել պատասխանատու անձին, ով լիազորված կլիներ տրամադրել տվյալներ:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, իսկ այդ երկրի օտարերկրյա դիվանագիտական 38 ներկայացուցչություններում արդեն մեկնարկել է քվեարկությունը: Սիրիայի նախագահի ընտրություններն ընթանում են Ռուսաստանում, Չինաստանում, Լիբանանում, Հորդանանում, Կորեայում, Չեխիայում, Եմենում, Շվեդիայում, Բելառուսում, Սուդանում և այլ երկրներում:Քվեարկությանն ընդհանուր առմամբ կմասնակցեն ավելի քան 200 հազար քաղաքացիներ: Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի իշխանություններն արգելել են իրենց երկրներում ընտրությունների անցկացումը:

Անի Նազարյան

Հայերեն