Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման երկու նախագծերին, որոնցից առաջինով առաջարկվում է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները պատվիրակել գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած գերմանական ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս ընկերությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երկրորդ նախագծով «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման և տեղական գործընկերոջ կողմից ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները ձեռք կբերվի «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից։
Նախագծման ծառայությունների պայմանագրային վճարումներն իրականացվելու են ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի ակադեմիական քաղաքի ստեղծման համար նախատեսված ֆինանսական միջոցներից։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ կապված բնականոն աշխատանքները և շարունակական զարգացումն ապահովելու նպատակով որոշվել է ակադեմիական քաղաքի համալրված (սխեմատիկ) գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները պատվիրակել ՋիԷմՓի ընկերությանը՝ հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում վերջինիս փորձը, հեղինակությունը, ինչպես նաև այն փաստը, որ ՋիԷմՓի-ն է մշակել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշմամբ հաստատված գնման ընթացակարգով պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգը։
Բացի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման աշխատանքներից՝ ՋիԷմՓի-ն համակարգելու է նաև համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
- քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման ծառայություններ մատուցող ընկերության,
- տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության,
- ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստող տեղական նախագծային կազմակերպության,
- «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա աշխատող այլ խորհրդատուների աշխատանքը։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման աշխատանքներ՝ տեղական գործընկերոջ կողմից
Տեղական գործընկերոջ կողմից իրականացման ենթակա աշխատանքների ապահովման նպատակով որոշվել է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1841-Ա որոշման շրջանակում ՋիԷմՓի ընկերությանը պատվիրված գլխավոր հատակագծի հայեցակարգի հիման վրա ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունները պատվիրակել ոլորտի առաջատար կազմակերպություններից «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ին՝ հաշվի առնելով, որ վերջինիս ներկայացրած գնային առաջարկն այլ առաջարկների համեմատությամբ ավելի ցածր է եղել։ Հիմք են ընդունվել նաև Հայաստանի Հանրապետությունում (մասնավորապես՝ կրթության ոլորտում) քաղաքաշինական և ճարտարապետական նախագծման բնագավառում «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերության կողմից ներգրավված մասնագետների փորձն ու կատարած աշխատանքները։
Մասնավորապես՝ ընկերությունն իրականացրել է Գյումրիի Կումայրի պատմական թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի, Դիլիջանի Գետափնյա թաղամասի գոտևորման (զոնինգ) և գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծման աշխատանքները (Դիլիջանի միջազգային դպրոցը Հայաստանի Հանրապետությունում առաջին BREEAM սերտիֆիկացիա (կայուն կառուցապատման սերտիֆիկացիա) ստացած շենքն է), Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի և համայնքային կենտրոնի նախագծման աշխատանքները (Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցը և համայնքային կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում առաջին LEED Silver սերտիֆիկացիա (կանաչ շենքերի սերտիֆիկացիա) ստացած նախագիծն է)։