Կայացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը:
Այնուհետև հաստատվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.» ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը:
Ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչև Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր բարձրակարգ ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: