Քաղաքականություն

Ստեփանակերտից հայտարարում են, որ վերադարձ նախկին սահմաններին չի լինի

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտից հայտարարում են, որ վերադարձ նախկին սահմաններին չի լինի

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ հայտարարություններից եւ խաղաղության համաձայնագրի առնչությամբ ներկայացված տեսակետերից կամ կետերից Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ չի կարող փոփոխության ենթարկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտում գոյություն ունի ընդամենը մեկ տեսակետ` վերադարձ նախկին սահմաններին չի լինի: «Մենք առաջնորդվում ենք ԼՂՀ Սահմանադրությամբ, որը շեշտում է, որ ազատագրված կամ որեւէ այլ տեսակի տարածքներ գոյություն չունեն: Գոյություն ունի մեկ տարածք` Արցախի Հանրապետություն»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ այսօր հաղորդագրություն կտարածի ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն ու համապարփակ գնահատական կտա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի ներկայացրած Խաղաղության համաձայնագրի 6 կետերին:

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության համաձայնագիրը, որը բաղկացած է 6 կետից:

Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով, ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով` ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: «Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում