Պաշտոնական

Վարչապետը կարևորել է բնապահպանության նորանշանակ նախարարի գլխավորությամբ բնապահպանական գերատեսչության համագործակցությունը ՀԿ-ների հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորել է բնապահպանության նորանշանակ նախարարի գլխավորությամբ բնապահպանական գերատեսչության համագործակցությունը ՀԿ-ների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:

Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: «Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի, և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում