Հասարակական

Հայաստանում ոչխարների խուզման առաջին փառատոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ոչխարների խուզման առաջին փառատոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու մերձակա տարածքում գյուղաբակներին և մայրաքաղաքից ժամանած հյուրերին կմիավորի «Ոչխարների խուզում փառատոն 2014»-ը, որը մեր երկրում անցկացվում է առաջին անգամ: Միջոցառումը նախաձեռնել են «Տաթևի վերածնունդ» և «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմինե Մխոյանը պատմեց, որ փառատոնը կանցկացվի երեք փուլով: «Հալիձորի և հարակից գյուղերից մասնակիցները կբաժանվեն երեք խմբի և հաղթող կճանաչվի այն խումբը, որն առավել արագ և վարպետորեն կխուզի ոչխարներին»,- պարզաբանեց Մխոյանը:

Նրա խոսքով` փառատոնի անցկացումն ինքնանպատակ չէ, այլ միտված է տնտեսական ակտիվացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: «Փառատոնի շրջանակում ինը ոչխարներից հավաքված բուրդը կվերադարձվի գյուղացիներին կամ կգնվի այլ կազմակերպությունների կողմից»,- պատմեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Ոչխարների խուզում փառատոն 2014»-ը կունենա նաև պարային և երաժշտական մաս, որը կներառի ակումբային երաժշտություն, ինչպես նաև պարի դասեր։

Հատուկ տարածք է նախատեսված լինելու սննդի և զովացուցիչ ըմպելիքների, ոչխարների թեմատիկա ունեցող պարագաների վաճառքի, խնջույքի անցկացման համար: Փառատոնի շրջանակում կներկայացվեն նաև ազգային ձեռագործության և գորգագործության նմուշներ։ Առաջիկայում կազմակերպիչները ծրագրում են շարունակական դարձնել նախաձեռնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում