Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Վրաստանի Նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Վրաստանի Նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները:

Հայաստանի և Վրաստանի նախագահները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հանդիպումները, որոնք, նրանց համոզմամբ, երկու երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության հավաստիքն են և զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակներում հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները որակապես նոր մակարդակ բարձրացնելու համար, ինչը լայն հնարավորություններ է ընձեռնում երկու պետությունների միջև կառուցողական համագործակցության համար՝ նկատի առնելով Հայաստանի և Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերը:

Խոսելով տնտեսական փոխգործակցության զարգացման մասին՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին կարևորել են տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաև փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Հայաստանի և Վրաստանի նախագահներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում