Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաև Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:

Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:

Զեկուցվել է նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Ներկայացվել է «Թեղուտ» ընկերության սոցիալական քաղաքականությունը ևս: Ընդգծվել է, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:

Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ, հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ` ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ:

Լոռու մարզից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահը մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:

Հանրապետության Նախագահն այնուհետև կայցելի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան կներկայացվեն կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը:

Հայերեն English Русский

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն