Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատի հանձնաժողովի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպն արձագանքել է Սենատի հանձնաժողովի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունմանը: «Մենք ճանաչում ենք, հստակորեն ճանաչում ենք պատմական փաստը և սգում 1.5 միլիոն հայերի կորուստը, ովքեր Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղահանվել եւ սպանվել են ենթարվել: Այս զարհուրելի իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկին, և Միացյալ Նահանգները ընդունում է, որ այդ իրադարձությունները շարունակում են մեծ ցավ պատճառել հայ ժողովրդին և զոհերի ժառանգներին, ինչպես նաև մեզ բոլորիս, ովքեր կիսում են համամարդկային հիմնարար արժեքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին` պատասխանելով լրագրողի հարցին:

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ի երեկոյան 12 կողմ և 5 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահի վարչակազմին և նախագահին ապրիլի 24-ը ճանաչել 1915 թվականի ցեղասպանության ոգեկոչման օր: ԱՄՆ պետդեպի հարցուպատասխանի ժամանակ լրագրողները խնդրել էին Փսակիին ներկայացնել կառավարության պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ` միաժամանակ հիշեցնելով Բարաք Օբամայի չկատարած խոստման մասին, որ նախագահ ընտրվելուց հետո ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես գիտեմ, որ նախագահի թեկնածու եղած ժամանակ Օբաման իր անձնական տեսակետն է ունեցել այս հարցի շուրջ, որը իրականում նշվում էր նաև անցած տարի Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Համոզված եմ նոր հայտարարություններ կլինեն այս ամսվա վերջին»,- պատասխանել է Փսակին:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Փսակին նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատանքները երկու երկրների հետ` հորդորելով համատեղ աշխատել պատմական փաստերի լիակատար, ազնիվ և արդարացի ընդունման շուրջ, որը կնպաստի ողջ Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատմանը և բարգավաճմանը:

Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացրել էին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ապրիլի 3-ին: Այն կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցել հայ-թուրքական կայուն և կառուցողական հարաբերությունների հաստատմանը` հիմնված Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի և ճշմարտության ճանաչման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում