3 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի (Robert Guediguian) նոր` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին անդրադարձող ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2014 թվականի հուլիսին Մարսելում: Առաջիկա օրերին ծրագրված է կինոռեժիսորի այցը Հայաստան: Փարիզից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսահայ կինոռեժիսոր, Սերժ Ավետիքյանը, ով նույնպես ներգրավված է ֆիլմում որպես դերասան, պատմեց, որ Գետիկյանի Երևան կատարելիք այցի նպատակն առաջիկա նկարահանումներն են:
«Ռոբերտը գալիս է Երևան մոտ օրերս, նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Նա երկու նկարահանում ունի Երևանում ապրիլի 24-ին և 25-ին, որովհետև ֆոնային նկարահանումների համար ցանկանում է ներկայացնել հենց ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որը կհանդիսանա ֆիլմի վերջին դրվագը»,- նշեց Ավետիքյանը;
Աշխատանքային «Մի խենթ պատմություն» անվանումը ստացած ֆիլմի նկարահանումները, բացի Մարսելից, կընդգրկեն նաև Փարիզը և Բեյրութը: «Չեմ կարծում, որ ֆիլմի այս անվանումը կմնա, դա այն ենթագիրն է, որն այժմ ընտրվել է: Ամբողջ ցեղասպանության պատմությունը իսկապես որ մի խենթ պատմություն է, որից չենք կարողանում դուրս գալ և հենց այդ իմաստն ունի այս ենթագիրը, սակայն, կարծում եմ, նկարահանումների ժամանակ այն կփոխվի»,- պարզաբանեց ռեժիսորը:
Ավետիքյանն ավելի վաղ «Արմենպրես»-ին պատմել էր, որ ֆիլմում, բացի իրենից, ներգրավված են նաև ֆրանսահայ այլ դերասաններ: Գետիկյանի կինոաշխատանքը ցեղասպանության հետևանքների մասին է, որը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին, այսինքն` այն հարցին, թե նոր սերունդներն ինչպես էին հետամուտ լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից: «Ընտրված թեման յուրահատուկ է և սուր, որի մասին գուցե դժվար է խոսել: Ֆրանսիան շատ ուղղակի ձևով կապված է ցեղասպանության հետևանքների հետ, և պատահական չէ, որ շեշտադրումը կատարված է նաև Ֆրանսիայի հայկական գաղթօջախների վրա»,- ասել էր Ավետիքյանը: Նոր ֆիլմը կլինի ֆրանսերեն, սակայն հայերենն էլ անմասն չի մնա կինոժապավենից:
Ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի և նրա խմբի մասին պատմող «Ոճրագործության բանակ» ֆիլմը ներկայացվել էր հանրության դատին 2009 թվականի նոյեմբերին:
Տաթևիկ Գրիգորյան