Սփյուռք

Սիրիական լրատվամիջոցներն անդրադարձել են ընդդեմ Էրդողանի քաղաքականության հայաստանցիների բողոքի ակցիային

2 րոպեի ընթերցում

Սիրիական լրատվամիջոցներն անդրադարձել են ընդդեմ Էրդողանի քաղաքականության հայաստանցիների բողոքի ակցիային

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ՍԱՆԱ գորածակալությունն անդրադարձել է հայաստանցիների հանրահավաքին, ովքեր մարտի 26-ին բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ միջազգային հանրությունից պահանջելով քննադատել Էրդողանի կառավարության կողմից իրականացվող քայլերը Լաթաքայի Քեսաբի շրջանի դեմ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ակցիայի մասնակիցները կոչ են արել պաշտպանել Քեսաբի բնակիչներին: Նրանք նաև հայտարարել են, որ Թուրքիան խախտել է միջազգային նորմերը: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի սահմանի երկայնքով արդեն մի քանի օր է ռմբակոծում են սիրիական տարածքները՝ փորձելով ապահովել զինված ահաբեկիչների մուտքը Թուրքիայից Սիրիայի տարածք:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում, Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում