Հասարակական

ԱՄՆ կառավարությունը ՀՀ ԱԻՆ-ին է փոխանցել Աղետի փաթեթը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կառավարությունը ՀՀ ԱԻՆ-ին է փոխանցել Աղետի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 21-ին կայացել է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի ԱԻՆ-ին բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի փաթեթի փոխանցման արարողությունը: Փաթեթի փոխանցումն իրականացվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ-ում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Աղետի փաթեթն իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ` մոտ 520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քաունթերփարթի համայնքային և մարդասիրական օգնության ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որն օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, Քաունթերփարթը խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բշժկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգենիկ և դպրոցական պարագաներ և այլն:

2001 թվականից մինչ օրս, Քաունթերփարթի համայնքային և մարդասիրական օգնության ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնություն բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը:

Քաունթերփարթ Ինթերնեշնլը գլոբալ զարգացման կազմակերպություն է, որը համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ՝ կառուցելու համար կայուն համայնքներ: Ավելի քան 50 տարի, Քաունթերփարթը աշխատում է համագործակցելով կարիքավոր համայնքների հետ, արձագանքելով տնտեսական զարգացման, սննդի, առողջության, մարդասիրական օգնության և քաղաքացիական հասարակության հզորացմանը առնչվող խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում