ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, Հայաստանը ներկայացնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 19-22-ին կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՄՀ հանրային կապերի գրասենյակից, ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ ռուսերենով:
Ռուսաստանյան շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: Ուստի, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը` առավելագույնս իրացնելով զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը:
«MITT»-ը Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 198 երկրներից շուրջ 1800 ընկերությունների մասնակցություն: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել է շուրջ 37 հազար այցելուներ: