Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Սերժ Սարգսյանը և Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:

Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում