Հայաստանը կարող է Թուրքիա արտահանել 1 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա. փոխնախարար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կարող է Թուրքիա արտահանել տարեկան 1 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա: Այդ մասին փետրվարի 26-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը: Նրա գնահատմամբ, Հայաստանը կարող է տարեկան արտադրել 10 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ ներկա շուրջ 6 մլրդ կվտ/ժ-ի դիմաց: «Մենք կարող ենք ապահովել տարեկան մեկ միլիարդ կիլովատ/ժամ Թուրքիայի ուղղությամբ արտահանելու հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Իսայանը: Փոխնախարարն ասաց, որ այսօր Հայաստանը չի օգտագործում Հրազդան ՋԷԿ-ում և Հրազդանի 5-րդ էներգաբլոկում արտադրվող համեմատաբար թանկ էլեկտրաէներգիան: «Մենք մեր սեփական կարիքների համար հիմնականում օգտագործում ենք էժան էլեկտրաէներգիա, որն արտադրվում է գլխավորապես ջրով (Որոտանի համալիր, Սևան-Հրազդան կասկադ, Ատոմակայան, Երևան ՋԷԿ)»,- նշեց Իսայանը՝ հավելելով, որ հոսանք արտադրող գործող հզորությունները թերբեռնված են աշխատում:
Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին արտադրվել է 7 միլիարդ 710 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 4.1 տոկոսով պակաս է 2012 թվականի ցուցանիշից: Հայաստանից էլեկտրաէներգիան արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախորդ տարի Իրան է արտահանվել շուրջ 1.3 միլիարդ կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ մոտ 80 միլիոն դոլար մաքսային ընդհանուր արժեքով: