Կապանը կունենա եւս մեկ մանկապարտեզ
3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի քաղաքապետարանի առաջարկով ՀՀ կառավարությունը հունվարի 16-ի համապատասխան որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել է համայնքին: Քաղաքապետարանը նպատակ ունի այդ մասնաշենքը վերակառուցել ու դարձնել տիպային մանկապարտեզ:
«Կապանում նոր մանկապարտեզ ունենալու խնդիրը միշտ էլ օրակարգային է եղել: Այսօր էլ քաղաքում գործող մանկապարտեզները` ելնելով իրենց պայմաններից, ընդունում են սահմանափակ թվով երեխաների: Արդյունքում շատ փոքրիկներ զրկվում են նախակրթարան հաճախելու հնարավորությունից, ինչն անթույլատրելի է», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով խնդիրը ներառել է նաեւ իր նախընտրական ծրագրում:
Անցած տարի Կապանի մանկապարտեզներում նոր խմբասենյակների նորոգման արդյունքում, որն արվել է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի, Կապանի քաղաքապետարանի եւ այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, ավելի քան 100-ով ավելացել է նախակրթարաններ հաճախող երեխաների թիվը, սակայն խնդիրը դրանով չի լուծվել: Կառավարության որոշմամբ Կապանի քաղաքային համայնքին հանձնված թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքում քաղաքապետարանը պարտավոր է կապիտալ նորոգման եւ գույքով ապահովելու համար առաջին հինգ տարում կատարել 150 մլն դրամի ներդրումներ: «Համայնքին հատկացված մասնաշենքը առայժմ զբաղեցված է թիվ 2 ավագ դպրոցի կողմից, որի համար կառուցվող նոր դպրոցական շենքը շահագործման կհանձնվի գալիք ուսումնական տարում: Այժմ միջոցներ ենք հայթայթում` մասնաշենքը նորոգելու ու մանկապարտեզի չափանիշներին համապատասխան վերակառուցելու, գույքով ապահովելու համար: Առաջիկայում նախատեսում ենք պատվիրել մասնաշենքի վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքները», - ասաց քաղաքապետը` հավելելով, որ քաղաքի ծայրամասային Բաղաբերդ ու Հալիձոր թաղամասերում եւս կա նոր մանկապարտեզ կառուցելու խնդիր, որտեղ գործող մանկապարտեզները ոչ տիպային են, գտնվում են բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում, եւ դրանց պայմանները չեն բավարարում ընդունելու թաղամասի բոլոր երեխաներին: