ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում լուսանկար է տարածվել, որում Սոչիում ձմեռային օլիմպիադայում Ադրբեջանի կողմից հանդես եկող մարզիկները կանգնած են` ձեռքներին երկրի գլխիվայր շրջված դրոշը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սոչիում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Քենուլ Նուրուլլաեւան այդ խայտառակության հետ կապված մեկնաբանել է, թե «այնքան զբաղված են եղել օլիմպիական քաղաքում Ադրբեջանի դրոշի տեղադրմամբ, որ չեն հասցրել ուշադրություն դարձնել դրան»:
Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Ադրբեջանը ներկայացնելու են չորս արտասահմանցի մարզիկներ: Դա գեղասահքի Յուլիա Զլոբինա-Ալեքսեյ Սիտնիկով զույգն է Ռուսաստանից, ինչպես նաեւ լեռնադահուկորդներ` իտալուհի Գայա Բասսանին եւ ավստրիացի Պատրիկ Բրախները:
Ադրբեջանի դրոշը միջազգային արարողությունների ժամանակ հաճախակի է գլխիվայր շրջված ներկայացվել: Նման դեպքեր տեղի են ունեցել անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտասահմանյան այցերի պաշտոնական ընդունելությունների ժամանակ: