Ադամանդի արտադրությունը Հայաստանում աճել է 41.2 տոկոսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ադամանդների արտադրության ծավալը 2013 թվականին 2012թ.-ի համեմատ ավելացել է 41.2 տոկոսով և կազմել 94 հազար 498 կարատ: Ոսկերչական արտադրության ծավալն աճել է 15.9 տոկոսով և հասել 982.7 կիլոգրամի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012թ.-ին մեր երկրում թողարկվել է 66 հազար 926 կարատ ադամանդ և 847.8 կգ ոսկերչական արտադրանք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միայն 2013 թ.-ի դեկտեմբերին արտադրվել է 5 հազար 627 կարատ ադամանդ: Հայաստանից արտահանվող ադամանդների խոշորագույն գնորդը Բելգիան է:
2008թ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված էր հասցրել Հայաստանում ադամանադագործության ոլորտին: Եթե 2000-ականների սկզբներին առկա էր ընդհուպ 300 մլն դոլարի արտահանում, ապա ճգնաժամի տարիներին հայկական ձեռնարկությունները բավական ծանր վիճակում էին հայտնվել, եւ արտահանումը զգալիորեն նվազել էր: 2011թ.-ին ոլորտն արդեն ոչ միայն դուրս էր եկել ճգնաժամից, այլեւ ավելացնում էր արտադրանքի ծավալները (9 ամսում արտահանվել է 85 մլն դոլարի ադամանդ):
Ռուսական «Ալռոսա» ընկերության հետ պայմանավորվածություններից հետո 2009թ.-ի դեկտեմբերից Հայաստանը ձեռք է բերել ադամանդագործական հումքի մատակարարման կայուն աղբյուր:ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի 2013թ.-ի հուլիսի 26-ին կայացած նիստում հաստատվեց «Հայաստանի ադամանդագործության ոլորտի զարգացման ռազմավարությունը», որով նախատեսում է մինչև 2020թ.-ն հասնել տարեկան մինչեւ 250 հազ. կարատ ադամանդի արտահանման մակարդակին:
Իսկ 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո ռուսական կողմը հայտարարեց, որ մինչև Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի ավարտը Հայաստանն ազատվում է ադամանդի արտահանման համար նախատեսված 6.5 տոկոս մաքսատուրքից: