Շոու բիզնես

Վազգեն Ասատրյանը երաժշտասերներին կվերադարձնի 70-ականների Երևանը

2 րոպեի ընթերցում

Վազգեն Ասատրյանը երաժշտասերներին կվերադարձնի 70-ականների Երևանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի երգչուհիներ Զառա Տոնիկյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, և հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները կմասնակցեն «Երգում է 70-ականների Երևանը» խորագրով համերգին, որը կկայանա փետրվարի 22-ին և 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ, երաժիշտ Վազգեն Ասատրյանը պատմեց, որ կայանալիք համերգների ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և անվանի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Այս համերգի գաղափարն իրականացվեց նաև 9 տարի առաջ, երբ ինձ կրկին հաջողվել էր միավորել 70-ականների լավագույն կատարողներին»,- պատմեց Ասատրյանը:

Նրա խոսքով` այժմ բոլոր կատարողները ոգևորված են և ուրախ կայանալիք համերգի փաստով:

Համերգների ընթացքում ունկնդրի կողմից սիրված ստեղծագոծությունները երաժիշտները կկատարեն դասական տարբերակով, առանց փոփոխության ենթարկելու և կենդանի հնչողությամբ:

«Կան ստեղծագործություններ, որոնք այժմ հնչում են, սակայն փոքր-ինչ ձևափոխված, հաճախ ոչ այնքան հաջող տարբերակով»,- նշեց նախագծի հեղինակը, ում գնահատմամբ` համերգային երաժշտական այս նախագիծը միտված է երաժշտական լավագույն ավանդույթների պահպանմանը, ինչպես նաև երևանցիներին սիրված կատարումները ունկնդրելու ևս մեկ հնարավորություն ընձեռելուն:

Համերգին կմասնակցեն նաև կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արա Սաթյանը, այլ երաժիշտներ: Համերգային ծրագիրը կվարի Սուսաննա Շահիրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում