Հասարակական

Պառավաքար-Վազաշեն ալընտրանքային ավտոճանապարհը կլինի առավել անվտանգ եւ կշրջանցի հակառակորդի դիրքը

3 րոպեի ընթերցում

Պառավաքար-Վազաշեն ալընտրանքային ավտոճանապարհը կլինի առավել անվտանգ եւ կշրջանցի հակառակորդի դիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսից կգործարկվի Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն գյուղերն իրար միացնող միջպետական նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման համար կառավարությունը հատկացվել է 460 միլիոն դրամ: «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի նախարարության Տրանսպորտային ծրագրերի իրականացման գործակալության տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշեց, որ նախագծման աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել անվտանգության բոլոր կանոնները, նոր ճանապարհի աջ եւ ձախ կողմերին 2-5 մետր բարձրությամբ պատնեշներ կկառուցվեն: Ճանապարհը մասնավոր սեփականության հատվածով չի անցնում եւ շինարարությունից քաղաքացիների հողատարածքները չեն տուժել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանի ներկայացմամբ` նախորդ տարի Տավուշի մարզում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 1,600 անգամ: Հայկական կողմը պատասխանել է միայն ծայրահեղ դեպքերում եւ կրկնակի ավելի քիչ: Պառավաքար-Վազաշեն հատվածում հակառակորդի կրակոցներից նախորդ տարի հայկակակն կողմն ունեցել է 3 զոհ եւ 11 վիրավոր, որոնցից 2-ը` քաղաքացիական անձ:

Փոխգնդապետի խոսքերով, հենց այս դեպքերից հետո է որոշում կայացվել Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակել եւ նոր ու հակառակորդի դիտանկյունից առավել հեռու ճանապարհ կառուցել: «Հակառակորդի համար նոր ճանապարհը տեսանելի չի լինի եւ հնարավոր չի լինի գնդակոծել: Նախորդ ճանապարհը հակառակորդի հենակետից գտնվում էր 300 մետր հեռավորության վրա, եւ թշնամին մեկ հենակետից կարող էր երեք տարբեր հատվածներ գնդակոծել: Նոր ճանապարհը գրեթե նույն հեռավորության վրա է, սակայն կշրջանցի հակառակորդի դիրքը»,- ասաց Անդրանիկ Մկրտումյանը:

Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցություն բաժնի պետ, փոխգնդապետ Սուրեն Դարբինյանն էլ հիշեցրեց, որ զինադադարի կնքումից հետո հայկական կողմը բազմիցս առաջարկել է սահմանել անվտանգության երաշխիքներ եւ հրաժարվել փոխհրաձգությունից: Սակայն միջազգային հարթակներում ձեռք բերված այդ պայմանավորվածությունը ադրբեջանական կողմը խախտում է: «Մինչդեռ հայկական կողմի դիրքերը շատ ավելի լավն են եւ նպաստավոր կրակ բացելու համար, սակայն հայկական կողմը երբեք նախահարձակ չի լինում»,- ավելացրեց նա:

Նախորդ տարի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կրակոցների հետեւանքով զոհվեց մեկ եւ վիրավորվեց մի քանի զինծառայող, եւ բնակիչների համար բանուկ համարվող Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհը հայտարարվեց փակված:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում