Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը` շախմատային օլիմպիական տարվա, սիրելի քաղաքի, ուտեստի, դերասանուհու ու ֆուտբոլիստի մասին

3 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը` շախմատային օլիմպիական տարվա, սիրելի քաղաքի, ուտեստի, դերասանուհու ու ֆուտբոլիստի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարեվերջը հագեցած էր «շախմատային կյանքով»: Ցավոք, միջազգային երկու խոշոր մրցաշարերից Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերադարձավ ձեռնունայն, սակայն, նոր մեկնարկած 2014 թվականը խոստումնալից է և լեցուն նոր հաղթանակների հույսով:Շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը մինչ հիմա էլ դժվարանում է հիմնավոր պատճառներ գտնե հավաքականի անհաջող ելույթների համար: Երիտասարդ շախմատիստը, սակայն, մեծ հույսեր է կապում այս տարի կայանալիք օլիմպիադայի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է բլից հարցազրույց հավաքականի «երկրորդ համարի» տակ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանի հետ:

-Սերգեյ, ինչպիսի սպասելիքներ ունեք այս օլիմպիական տարվանից:

-Այո, քանի որ տարին Օլիմպիական է, հիմնականում աշխատելու ենք, որ օլիմպիադայում լավ հանդես գանք:

-Ինչպիսին են տարվա պլանները, ինչ մրցաշարերի եք մասնակցելու:

-Հունվարի վերջին մասնակցելու եմ Ջիբրալթարի բաց մրցաշարին: Միաժամանակ ցանկություն ունեմ մասնակցելու Գերմանիայի և Չեխիայի լիգաների առաջնություններին:

-Մի փոքր հետ նայենք, Ձեր կարծիքով, որն էր Եվրոպայի և աշխարհի առաջնություններում անհաջող ելույթների պատճառը:

-Դժվարանում եմ ասել, թե ինչն էր հիմնական պատճառը: Շատ եմ ափսոսում, որ մեզ չհաջողվեց լավ հանդես գալ: Ամեն ինչ անելու ենք որպեսզի այս օլիմպիադային չկրկնենք նույն սխալները:

-Դուք մասնակցելու եք Երևանում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը:

-Ցավոք, այս անգամ Եվրոպայի անհատական առաջնությանը չեմ մասնակցելու:

-Ձեր մոտ ընկեր ու թիմակից Լևոն Արոնյանը պատրաստվում է մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ինչպես եք գնահատում նրա և մրցակիցների հնարավորությունները:

-Առավել քան համոզված եմ, որ Լևոնը լավ կնախապատրաստվի: Եթե նա Խանտի Մանսիսյսկում իր լավագույն խաղը ցույց տա, ապա վստահորեն կարող եմ ասել, որ նա մեծ հնարավորություններ ունի հավակնորդների մրցաշարում հաղթելու:

-Սերգեյ, այժմ խաղատախտակից հեռու մի քանի հարցեր: Երևանում որն է Ձեր սիրելի վայրը:

-Ես սիրում եմ Երևանը, հատկապես, երեկոյան Կենտրոնը:

-Հայկական ավանդական խոհանոցից որն է Ձեր սիրելի ուտեստը:

-Տոլման (ծիծաղում է):

-Ունեք սիրելի գիրք և հեղինակ:

-Սթիվեն Քինգի «Անհրաժեշտ իրեր» վեպը (The Needful Things):

-Որն սիրելի ֆիլմը, ով է սիրելի դերասանը և դերասանուհին:

-Թոմ Հենքսն ու Ումա Թուրմանը, իսկ սիրելի ֆիլմը` «Քրեական ընթերցվածք» (Pulp Fiction):

-Հայտնի է նաև, որ Դուք ֆուտբոլի մեծ սիրահար եք: Ունեք սիրելի ակումբ և ֆուտբոլիստ:

-«Մանչեստեր Յունայթեդ», իսկ սիրելի ֆուտբոլիստը` Ռոբերտո Կառլոսն է:

Հեղինակ` Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում