Հասարակական

Քաղաքապետը բավարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը

2 րոպեի ընթերցում

Քաղաքապետը բավարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի դիմումը բավարարելու որոշում է կայացրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Զանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից` Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ հարուցվելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:

Քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթի համար հիմք է հանդիսացել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը` Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային և 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով: Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է իր տան նշված հարկերում գրասենյակ հիմնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում