Կառուցապատման կանոնների խստացման վերաբերյալ կառավարությունը օրենսդրական նոր փաթեթ կներկայացնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գործառույթներն աղճատված էին, պետական կառավարման մարմինների աշխատանքից խիստ դժգոհ եմ: Գերատեսչությունները հանրության մտահոգող հարցերին հստակ պատասխան չէին տալիս, փորձ էր կատարվում խնդիրը մեկ պետական գերատեսչության կողմից գցել մեկ այլ գերատեսչության վրա: Խոստովանում եմ` ունեինք բացեր, եւ դասեր պետք է քաղենք: Փակ շուկայի վերաբերյալ հարցին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին նման պատասխան տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կառավարությունը պատրաստել է օրենսդրական կարգավորումների մի մեծ փաթեթ, որը վերաբերում է կառուցապատման կանոնների հստակեցմանն ու խստացումներին: «Օրենսդրական նոր փաթեթի շնորհիվ պետք է պահպանվեն Փոքր կենտրոնի ճարտարապետությունն ու մայրաքաղաքի մշակութային դեմքը»,- ասաց վարչապետը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի հանրության դատին:
Փակ շուկայի պահպաման համար ընթացող պայքարը տեւեց շուրջ երկու տարի: Շուկայի նոր սեփականատերը` Սամվել Ալեքսանյանը ճարտարապետական կառույց հանդիսացող շուկայում շինարարական աշխատանքներ էր իրականացրել, ինչի հետեւանքով փլվել էր տասը կամար, եւ կառույցի ճարտարապետական տեսքն աղճատվել էր: