Հասարակական

Վարչապետը խոստացավ առավել ուշադիր լինել մայրենի լեզվի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը խոստացավ առավել ուշադիր լինել մայրենի լեզվի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանդիպումների ժամանակ հատկապես ռուսերեն լեզվով ելույթներ ունենալու հարցի առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ այսուհետ լինել առավել ուշադիր ու խոսել բացառապես հայերեն: Դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բազմիցս հրապարակային ելույթներ է ունեցել նաեւ անգլերեն, սակայն հրապարակավ դիտողությունների չի արժանացել: «Զգում եմ, որ ռուսերենի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում կա: Դա օբյեկտիվ է եւ հասկանալի: Անգելերենի տարածվածությունն ու իմացությունից վտանգներ հասարակությունը չի զգում, այն պարագայում, երբ Խորհրդային միության տարիներին գերիշխող էր ռուսերենը եւ շատ դեպքերում հայերենը զիջել էր ռուսերենին: Այդ հիշողությունը պահպանում է զգոնությունը, որ լինենք ուշադիր մայրենիի նկամամբ: Այսուհետ այս հարցի առնչությամբ կլինեմ առավել ուշադիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաստիացրեց Տիգրան Սարգսյանը` ի պատասխան լրագրողի հիշեցման, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, իսկ վարչապետը ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ելույթներ է ունենում ռուսերենով:

ՀՀ լեզվի մասին օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում