Հայաստանը կարող է դառնալ տրանզիտ երկիր միջազգային ավիափոխադրողների համար
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 24-ին կնքվեց օդային ծառայությունների ազատականացման մասին պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանն ու Ռուսաստանն անցնում են քաղաքացիական ավիացիայի ազատական ռեժիմի։ Սա միջպետական մակարդակով Հայաստանի առաջին «բացված երկինքն» է: Ավիացիայի ազատականացման միջպետական համաձայնագրերի և Հայաստանի համար դրանց նշանակության մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի հետ։
-Պարոն Տարասյան, «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո սա առաջին միջպետական համաձայնագիրն է ավիացիայի ազատականացման մասին։ Ի՞նչ է ենթադրում համաձայնագիրը, և որքա՞ն «բաց» կլինի Հայաստանը Ռուսաստանի համար։
-Մինչև «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը և ավիացիայի ազատականացումը կային միջպետական համաձայնագրեր, որ կարգավորում էին ավիափոխադրումները երկրների միջև, սակայն դրանք ենթադրում էին երկկողմանի սահմնափակումներ և՛ Հայաստանի, և՛ համաձայնագիրը կնքած մյուս երկրի կողմից։ Այդ սահմանափակումները վերաբերում էին չվացուցակներին, ուղղություններին, թռիչքների քանակին։ «Բաց երկնքի» համաձայնագիրը ենթադրում է, որ այդ սահմանափակումներն այլևս չեն լինի։ Ռուսաստանի հետ արդեն քայլ արվեց վերացնել այդ սահմանափակումները։ Ազատականացման աստիճանն ավելացավ, այսինքն ճանաչվեց «5-րդ ազատության երկինք»։ Դա թույլ կտա, որ այլ երկրի ավիափոխադրողը Հայաստանի միջոցով չվերթ կատարի երրորդ երկիր։ Այսինքն, Հայաստանը կդառնա տրանզիտ պետություն։
-Այսինքն, մինչ համաձայնագրի ստորագորումը սահմանափակվա՞ծ էին չվերթները դեպի Ռուսաստան։
-Այո, սահմանափակված էին շաբաթական չվերթները։ Դեպի Մոսկվա շաբաթական իրականացվում էր 42 չվերթ, իսկ ազատականացումից հետո չվերթների քանակը կդառնա 79։ Դեպի այլ քաղաքներ 9 ուղղություններով շաբաթական 27 չվերթների փոխարեն կկատարվի 40 չվերթ։ Դրա արդյունքում նվազում է նաև տոմսերի գները։ Եթե համեմատենք նախորդ տարվա և այս տարվա գները, ապա տոմսերի արժեքը միջինը 200 հազար դրամից նվազում է մինչև 120 հազար դրամ։ Կա նույնիսկ մի ավիափոխադրող, որը չվերթներ է իրականացնում 95 հազար դրամով։
-Այժմ ի՞նչ արտոնություններ է ստանում երկու երկրերի քաղավիացիայից օգտվող քաղաքացին։
-Քաղաքացիները կստանան մի շարք արտոնություններ։ Նախ կօգտվեն միջազգային դասի ծառայություններից, քանի որ կզարգանա միցակցությունը։ Ավիափոխադրողների քանակի ավելացումը, բնականաբար, կհանգեցնի որակական ցուցանիշի բարձրացման։ Բացի դրանից, կավելանան գործարարների և զբոսաշրջիկների այցերը Հայաստան։ Ըստ կանխատեսման՝ 15 հազար աշխատատեղ կավելանա ավիափոխադրումների և զբոսաշրջության ոլորտներում։ Տնտեսապես դա բավական արդյունավետ քաղաքականություն է։
-Էժան ավիատոմսեր, հարմար պայմաններ: Իսկ չկա՞ վտանգ, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանի քաղաքացուն հեշտությամբ լքել երկիրը։
-Կարելի է ասել բաժակը կիսով չափ լիքն է և կարելի է ասել, որ այն կիսով չափ դատարկ է։ Հիմա նույն հաջողությամբ կարող եմ ասել, որ մենք հնարավորոթյուն ենք տալիս դրսի մեր հայրենակիցներին ավելի հաճախ գալ Հայաստան, և ինչու չէ, մնալ այստեղ։ Դա երկկողմանի է։ Ես չեմ կարծում, որ մեկնողին այդ գնային տարբերությունը կարող է զսպել։ Սակայն այն մարդը, ով ցանկանում է տեսնել մեր երկիրը, հնարավորություն կունենա հեշտությամբ գալ Հայաստան։
-Այս համաձայնագրով ի՞նչ պարտավորություններ են ստանձնում Հայաստանը և համաձայնագիր կնքող երկրորդ կողմը։
-Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք կնքել մինչև 9-րդ աստիճանի ազատության համաձայնագիր։ Ազատության այդ աստիճանը ենթադրում է, որ դրսի ավիափոխադրողը կարող է նաև իրականացնել ներքին ավիափոխադրումներ, օրինակ Երևան-Գյումրի, Երևան-Կապան։ Մենք ի սկզբանե պատրաստակամություն ենք հայտնում դրա համար։ Եթե բանակցող երկիրը դնում է սահմանափակում, մենք էլ հավասարազոր սահմանափակումներ կդնենք մեր կողմից։ Այսինքն, այնպես չի լինի, որ մենք բաց լինենք մի երկրի համար, որը փակ կլինի մեզ համար։
-Սա առաջին միջպետական համաձայնագիրն էր: Հետագայում ո՞ր երկրները կլինեն առաջնային։
-Այսօր արդեն ունենք բանակցությունների առաջարկներ Ուկրաինայից, Թուրքմենստանից և Քուվեյթից։ Առաջնային կլինի նաև Եվրոպական երկրների հետ համաձայնագրի ստորագրումը։ Սակայն եվրոպական երկրների դեպքում ազատականացման համաձայնագիրը պետք է կնքվի ոչ թե բոլոր երկրների հետ առանձին-առանձին, այլ ողջ միության հետ։ Մեծ հետաքրքրություն կա Մերձավոր Արևելքի երկրների նկատմամբ։
-Իսկ Մաքսային միության պետություննե՞րը։ Հաջորդ փուլում դրանք կլինե՞ն առաջնային։
-Չեմ բացառում, որ միության անդամ երկրների հետ նույնպես կկնքվի նմանատիպ համաձայնագիր։ Դա միայն դրական կլինի տնտեսության համար։
-Ազատականացումը ենթադրում է չվերթների ավելացում։ «Զվարթնոց» օդանավակայանը պատրա՞ստ է կրելու այդ «ծանրությունը»։ Կա՞ երկրորդ օդանավակայանի անհրաժեշտություն։
-Դեռ վաղ է դրա մասին խոսելու համար, քանի որ «Զվարթնոցը» լիովին պատրաստ է նման ծանրաբեռնվածության աշխատանքի։ Օդանավակայանի հնարավորություննները շատ ավելի են։ Ներկայում «Զվարթնոց»-ի հետ կապված ռիսկ չկա։
Հարցազրույցը Գոհար Ավետիսյանի