ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված, Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երգչուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ` վերակենդանացման բաժանմունքում: Պետրոսյանը գանգուղեղի վնասվածք էր ստացել:
Պատասխանելով«Արմենպրես»-ի թղթակցի հարցին` երգչուհի Քրիստինե Պեպելյանը նշեց, որ երեկ այցելել է Շուշան Պետրոսյանին և հույս ունի, որ նա շուտափույտ կապաքինվի և կկարողանա մասնակցել դեկտեմբերի 28-ին կայանալիք «Հայաստանի ձայնը» նախագծի նկարահանումներին:
«Երեկ նա ասաց, որ անպայման կաշխատի մասնակցել նկարահանումներին»,- ասաց Պեպելյանը` քաջառողջություն մաղթելով գործընկերուհուն:
Ավտովթարի հետևանքով տուժած ևս երկու հոգի շտապօգնության մեքենայով տեղափովել են նույն բժշկական հաստատություն. նրանք հետազոտվելուց հետո դուրս են գրվել:Տուժածներից մեկն էլ տեղափոխվել է Առաջին կլինիկական հիվանդանոց և հետազոտություն անցնելուց հետո դուրս է գրվել:
Դեկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: