«Ականատեսը». հայրենիքի հանդեպ սերը ոչինչ է առանց միմյանց սիրելու. պատգամել է ցեղասպանության վկա 105-ամյա մուսալեռցին

7 րոպեի ընթերցում

«Արմենպրես»լրատվական գործակալութունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ներկայացնում է«Ականատեսը»հատուկ նախագծի 2013 թվակականի վերջին պատմությունը: Պատմության հերոսը Մուսա լեռում ծնված 105-ամյա Մովսես Դերմիշյանն է:

ԲԱՂՐԱՄՅԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի իր համեստ տանը ծերության վերջին օրերն էր անցկացնում 1908 թվականին Մուսա լեռան Հաջի Հաբիբլի գյուղում ծնված Մովսես Դերմիշյանը: 105-ամյա ծերունին օրվա մեծ մասը միայնակ էր լինում, քանի որ նրան խնամող միակ թոռը ցերեկային ժամերին աշխատում էր: Մուսա լեռան պատմական օրերի ականատեսը լավ հիշողություն ուներ, ինչը նրան թույլ տվեց ընտանիքի պատմությունը մեզ ներկայացնել հստակ հաջորդականությամբ:Արմավիրի մարզում ականատեսների պատմությունները հավաքագրվել են 2013 թվականի օգոստոսին, նյութի հրապարակումից կարճ ժամանակ առաջ ցավով տեղեկացանք Մովսես Դերմիշյանի մահվան մասին:

«Մինչ 1915 թվականը մեզ կանչեցին ու ասացին, որ հարկեր ունենք, պետք է վճարենք, քանի որ պետությունը նեղության մեջ է: Բավական շատ հարկեր տվեցինք, մեր գյուղապետերին փակ նամակ եկավ կառավարությունից, որի մեջ գրված էր, որ հայը իր տեղում ապրելու իրավունք չունի, պետք է աքսոր գնա: Մերոնք ասացին, որ չեն հեռանա, քանի որ այն, ինչ ցանկացել է պետությունը, մենք արել ենք, հետևաբար ինչո՞ւ պետք է հիմա տնից, տեղից հանեն»,- անցյալի հուզմունքը վերապրելով` պատմում էր Մովսես պապը:Նրա խոսքով, յուրաքանչյուր գյուղում հիսունական թուրք զինվորներ տեղակայեցին, ովքեր պետք է երրորդ օրը ժողովրդին քշեին տանեին, սակայն մուսալեռցիները խորհրդակցելով` որոշել են մնալ իրենց գյուղերում, տեղում մահանալ, դիմադրություն ցույց տալ, բայց աքսոր չգնալ:«Եվ ժողովրդին ասացին. «Ինչքան անասուն ունեք` քշեք դեպի սարը եւ մի իջեցրեք այնտեղից` գնալով սարի խորքը»: Երրորդ օրը մեզ ասացին. «Իջեք սարից` գնացեք աքսոր»: Իսկ մենք ասացինք, որ չենք իջնի»,- վերհիշում է ականատեսը:Նա հստակ հիշում է, թե ինչպես դիմադրության 40-րդ օրը տեսել են ֆրանսիական ճակատագրական նավը և դրոշակ բարձրացրել:

Պատմականտեղեկանք

Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ սկսեց իրականացվել հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը:Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսա լեռան բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը եւ ինքնապաշտպանություն կազմակերպել: Չորս տարբեր բնակատեղիներում հաստատված ժողովուրդը կենտրոնացավ փրկության միակ ճանապարհի՝ ծովի դիմաց գտնվող Տամլաճըգում: Ըմբոստ գյուղացիները չէին կարող հուսալիորեն պաշտպանել ավելի քան 115 քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքը, եւ կազմավորվեց երեք հարվածային խումբ: Շուրջ 4300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար անձրեւները չկոտրեցին հայոց ոգին. նրանք անգամ պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն եւ բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի նավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետեւյալ բառերով` «Քրիստոնյաները վտանգի մեջ են. օգնություն»: Ֆրանսիական եւ բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսա լեռից Պորտ-Սայիդ, Եգիպտոս: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

«Գնալով նավին ընդառաջ` մենք ասացինք, որ թուրքը մեզ ուզում է կոտորել: Մի քանի օր անց մեզ լցրին նավերը և տարան ՊորտՍայիդ, այնտեղ իջեցրին»,- հիշում է պատմության հերոսը:Ինքնապաշտպանական մարտերում Դերմիշյանների ընտանիքը զոհեր չի ունեցել: Նրանք 1939 թվականին վեց գյուղերի մյուս բնակիչների հետ վերջին անգամ հեռացել են ծննդավայր Մուսա լեռից, քանի որ, Մովսեսի հավաստմամբ, իրենք թուրքի հպատակություն այլևս ընդունել չէին կարող:«Այնճար գյուղում մեզ տեղ հատկացրին, 1800 հեկտար տարածք, որտեղ էլ սկսեցինք շինարարություն անել, սակայն հետո Ֆրանսիայի կառավարությունը տապալվեց, և կիսատ մնաց ամեն ինչ, չնայած նրան, որ 1200 սենյակ արդեն կառուցվել էր շուրջ 1200 ընտանիքի համար: 1946 թվականին Հայաստանից մեզ ասացին` «Եղբայրներ, հանգամանքների բերումով ցիր ու ցան ենք եղած, և Հայաստանը իր հարազատ զավակներին կանչում է, եկեք միասին ապրենք»,- հիշում է վկան` թեև չի կարողանում մոռանալ նաև սովը, որի պառճառով Հայաստան ժամանելուց երեք օր հետո ստիպված է եղել վաճառել իր ձեռքի ժամացույցը, որովհետև ապրելու պայմանները ծանր էին:

Հաստատվելով Էջմիածնում` Մովսեսը մյուս հայրենադարձների պես սկսել է աշխատել «սովխոզում», զբաղվել գյուղատնտեսությամբ, ամուսնացել, ունեցել չորս երեխա:Տարիներ անց, հետադարձ հայացք նետելով անցյալին, խոստովանում է, որ չէր ցանկանա նորից տեսնել Մուսա լեռը, քանի որ տեսնելու դեպքում «սիրտը կմրմռար»:«Չեմ ուզում տեսնել, բոլոր տները գիտեմ, բոլոր փողոցները գիտեմ, հստակ հիշում եմ ամեն ինչ: Թուրքիան չենթարկվող պետություն է և ժխտողական քաղաքականություն է որդեգրել: Ես ցանկանում եմ, որ ցեղասպանությունը ճանաչվի, և մեր հողերը վերադարձնեն մեզ, հատուցեն մեր կրած վնասը: Մեկ ու կես միլիոն մարդ կոտորեցին, սպանեցին, նրանց ունեցվածքը ձեռքներից վերցրին, թալանեցին, իսկ մնացած հայերին էլ աշխարհով մեկ ցիրուցան արեցին, ինչ կարող եմ ասել…»,- խոր վշտով շեշտում է ականատեսը:

Դերմիշյանների ընտանիքում այլ երկարակյացներ էլ կային: Օրինակ` Մովսեսի մայրը, ով մահացել է 98 տարեկան հասակում:

Մովսես պապըհաջորդ սերունդներին է փոխանցել իր պատգամը` հորդորելով սիրել ոչ միայն հայրենիքը, այլև միմյանց, քանի որ նրա կյանքի փորձը ցույց է տվել, որ հայրենիքի հանդեպ սերը ոչինչ է առանց միմյանց սիրելու և օգտակար լինելու:

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը