Պաշտոնական

Մանկավարժական համալսարանն ամփոփել է 2013թ. գործունեության արդյունքները

3 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանն ամփոփել է 2013թ. գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013թ.-ի գործունեության հաշվետվությունը և 2014թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով 2013թ.-ի հունվարի 1-ից 40 տոկոսով բարձրացվել է դասախոսների աշխատավարձը, ստեղծվել են համակարգչային լսարաններ, ընթերցասրահներ, գրադարանի հումանիտար գիտությունների ընթերցասրահը հագեցվել է նոր տեխնոլոգիաներով և հնարավորություն է տալիս օգտվել էլեկտրոնային գրականությունից: Վերանայվել և որակապես բարելավվել են մի շարք ամբիոնների ուսումնական ծրագրերը, ինչի արդյունքում դասավանդումն իրականացվում է նոր սկզբունքով:

Միջազգային համագործակցության շրջանակում նա, մասնավորապես, անդրադարձել է Ֆինլանդիայի Օուլու քաղաքի համալսարանի հետ իրականացվող ծրագրի արդյունքներին, որը հնարավորություն է ընձեռել նոր մոտեցում որդեգրել մանկավարժական պրակտիկայի կազմակերպման գործընթացում: Համալսարանի ռեկտորի տեղեկացմամբ՝ 2013թ.-ին ուսանողների ուսման վարձավճարը չի բարձրացել, և 2014թ.-ին ևս ուսման վճարի ավելացում չի նախատեսվում: Պարոն Միրզախանյանը նշել է, որ համալսարանի 2013թ.-ի բյուջեից կատարված 350 մլն դրամ խնայողության հաշվին հնարավորություն է ընձեռվել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում գոհունակությամբ են խոսել համալսարանում հաշվետու տարում իրականացված բարեփոխումների մասին՝ կարևորելով, մասնավորապես, ամբիոնների կողմից էլեկտրոնային հաշվետվությունների տրամադրման համակարգի ներդրումը, օտար լեզուների դասավանդման ծավալի ավելացումը, ամբիոնների տեխնիկական վերազինումն ու հագեցվածությունը և այլ հարցեր:

Խորհուրդը բավարար է գնահատել համալսարանում 2013թ.-ին կատարված աշխատանքները և հաստատել 2014թ.-ի բյուջեի նախահաշիվը:

Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին` ծննդյան առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում