Հայաստանը շեշտակի ավելացրել է ջայլամների ներկրումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ակտիվ զարգանում է ջայլամաբուծությունը: Ընթացիկ տարվա 11 ամիսներին մեր երկիր ներկրված ջայլամի ճտերի քանակը ավելի քան 30 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը տեղեկացրին, որ 2012 թվականին մեր երկիր է ներկրվել 63 հատ ջայլամի ճուտ, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ՝ 2150 հատ: «Մեկ ջայլամի ճտի մաքսային արժեքը 2013 թվականի 11 ամիսներին կազմել է 20 հազար 467 դրամ՝ 2012 թվականի 33 հազար 208 դրամի դիմաց»,- հայտնեցին ՊԵԿ-ից:
Աֆրիկյան ջայլամը ժամանակակից ամենախոշոր թռչունն է: Ջայլամի հասակը մինչև 2.5 մետր է, քաշը՝ մոտ 150 կիլոգրամ: Ներկայում ջայլամաբուծությամբ զբաղվում են աշխարհի շուրջ 50 երկրներում՝ ներառյալ սառնաշունչ Շվեդիայում: Աշխարհում տնական պայմաններում պահվում է ավելի քան 4 միլիոն ջայլամ, որի գրեթե կեսը՝ Չինաստանում: Ջայլամից ստացված արտադրանքը (միս, ձու, փետուր, կաշի) մեծ պահանջարկ է վայելում միջազգային շուկայում: Մեկ մայր ջայլամից տարեկան ստացվում է 30-70 ձու: Ջայլամի մեկ ձուն շուրջ 30 հավկիթի քաշ ունի: Թռչնից տարեկան ավելի քան 1 կիլոգրամ փետուր է ստացվում, որի շուկայական արժեքը մոտ 60 դոլար է: Ջայլամը գյուղատնտեսական կենդանիներին բնորոշ հիվանդություններով չի վարակվում: Թռչունն օրական 3.5 կիլոգրամ կեր է ուտում: Հասուն ջայլամը հեշտությամբ կարող է մարդ տեղափոխել: Վտանգի դեպքում ջայլամը կարողանում է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն:
Էկզոտիկ թռչնաբուծությունը անտարբեր չի թողել նաև հայերին: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատվում է ջայլամաբուծությամբ զբաղվողների քանակի աճ: Մեր երկրում ջայլամներ են բուծում Մարմաշեն, Հաղթանակ գյուղերում և այլուր: Ջայլամներ են բուծում նաև Արցախում` մասնավորապես Մարտունի շրջանի Գիշի գյուղում: