Տնտեսություն

ՌԴ-ի հետ Հայաստանի պայմանագիրը չի սահմանափակում այլ երկրից առավել մատչելի գնով գազի ներկրումը. Արմեն Մովսիսյան

3 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ Հայաստանի պայմանագիրը չի սահմանափակում այլ երկրից առավել մատչելի գնով գազի ներկրումը. Արմեն Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությհան եւ ՌԴ կառավարութան միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետիրական բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը չի սահմանափակում այլ երկրներից Հայաստան առավել մատչելի սակագնով գազի ներկրում:Այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին: «Համաձայնագիրը չի սահմանափակում հայկական կողմին այլ երկրներից առավել մատչելի սակագնով գազ ներկրել Հայաստան»,-ասաց նախարարը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ որեւէ խնդիր հայկական կողմն այդ հարցի առնչությամբ չունի:

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը կրկին հետաքրքրվեց, թե երբ է կուտակվել 300 միլիոն դոլարի պարտքը եւ ինչու էր նախարարը հայտարարում, որ Հայաստանում գազի գինը չի բարձրանալու: Արմեն Մովսիսյանն ասաց, որ 300 մլն դոլարի պարտքը կուտակվել է 2011-ից: «Ես երբեք չեմ ասել, որ Հայաստանում գազի գինը չի բարձրանալու: Ասել եմ, որ սակագինը մնում է նույնը, մինչեւ կավարտվեն բանակցությունները ռուսական կողմի հետ: Երկու տարի ընթանում էին բանակցություններ, եւ հայկական կողմին պարզ չէր վերջնական արդյունքը: Երբ հայտնի դարձան այդ արդյունքները, ձեռք բերվեց համաձայնություն, և մենք ներկայացրինք այն հասարակությանն ու Ազգային ժողովին»,- ասաց Մովսիսյանը:

2011թ. ռուսական կողմը հայկական կողմին գազի գնի բարձրացման վերաբերյալ բազմաթիվ ակնարկներ է արել: Սկսած 2011թ-ից` մեկ տարվա ընթացքում հայկական կողմը բանակցություններ է վարել, որպեսզի գազի գինը չբարձրանա, սակայն ապարդյուն: Մինչեւ վերջնական հայտարարի գալը` կողմերը պայմանավորվել են, որ կընդունվի գործող գազի գնի միջին սակագին, այն է` սահմանի վրա 180 դոլար: Սկսած 2011թ. ապրիլից` գազի գինն անընդհատ փոփոխվել է, սակայն սահմանից այն վաճառվել է 180 դոլարով, ինչի հետեւանքով երկու տարվա ընթացքում առաջացել է 300 միլիոն դոլարի ճեղքվածք, որի կեսը ռուսական կողմը վերցրել է իր վրա, մյուս կողմը հայկական կողմն է պարտավորվել փակել: Հաջորդող բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ճեղքվածքը փակելու համար կառավարությունը պետք է վաճառի «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս մասնաբաժինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում