Գելա Բեժուաշվիլին եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Կոդորի կիրճի իրադրությունը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական կողմի նախաձեռնությամբ երկուշաբթի օրը կայացել է Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Գելա Բեժուաշվիլիի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Վրաստանի արտգործնախարարը խիստ մտահոգություն է հայտնել կիրակի երեկոյան Վերին Աբխազիայի գյուղերի գնդակոծման փաստի կապակցությամբ: Նշվել է, որ, վրացական կողմի ունեցած նախնական տվյալների համաձայն, գնդակոծումն իրականացրած ուղղաթիռները վրաց-ռուսական օդային սահմանը հատել են հյուսիսային ուղղությունից: Բեժուաշվիլին Ռուսաստանի իր պաշտոնակցին խնդրել է ՌԴ-ի իշխանություններին փոխանցել վրացական կողմի վճռական բողոքը եւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անհապաղ պարզաբանումներ տրամադրելու պահանջը: Վրաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները պայմանավորվել են, որ հարցի քննարկմանը կվերադառնան Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության եզրակացության հրապարակումից հետո: