«Արմենպրես»լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակում է նոր պատմություններ ներկայացրել: Դրանք թեմատիկ առումով միմյանց նման և միաժամանակ շատ տարբեր են: Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է: Այս շաբաթ ընթերցողի դատին ենք հանձնում Էջմիածին քաղաքի բնակիչ, 104-ամյա Սուտե Քոչարյանի վերհուշը:
ԷՋՄԻԱԾԻՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուտե Քոչարյանին Էջմիածնի այն փողոցում, ուր նա ապրում է, բոլորն են ճանաչում: Տիկնոջ հարևաններն ու ընտանիքի անդամները փաղաքշաբար անվանում են «ընե», ինչը եզդերենից թարգմանաբար նշանակում է տատիկ: Արտաքին տեսքն ու առույգությունը թույլ չեն տա կռահել, որ տան ձեղնահարկում կենցաղային հարցերով զբաղված կինը 104 տարեկան է: Նա օժտված է կյանքի հետաքրքիր ընկալմամբ և հումորով: Մեր ստեղծագործական խմբի գալստյան մասին իմանալով` կատակեց, որ չէր մտածի, որ այս տարիքում ինքն էլ մի օր «հայտնի» կդառնա, ինչպես իր դիտած սերիալների հերոսները:
1909 թվականին ծնված եզդի ականատեսի պատմական հայրենիքը Իգդիր գյուղաքաղաքն է:
Պատմական տեղեկանք
Իգդիրը գյուղ, ավան, գյուղաքաղաք է Երևանի նահանգի Սուրմալուի գավառում: Նրա վարչական կենտրոնն էր: Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:
Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:
«Տատիկս ծնվել է Իգդիրում: Վեց տարեկան է եղել, երբ գաղթել են Աշտարակի շրջանի Բյուրական գյուղը, իսկ հետո 1946 թվականին հաստատվել Էջմիածնում »,- ընտանիքի վերհուշը մեզ ներկայացրեց Սուտեի թոռը` Վազիր Քոչարյանը:
Նախքան Իգդիրից գաղթի ճանապարհը բռնելը պատմության հերոսուհու ընտանիքում եղել են յոթ երեխաներ, նրանցից երկուսը` քույրը և եղբայրը, սպանվել են: Արդյունքում Սուտեն ծնողների և կենդանի մնացած մյուս քույրերի և եղբայրների հետ հասել է Բյուրական:
Վազիրի և ընտանիքի այլ անդամների հավաստմամբ` չնայած տատը վեց տարեկան է եղել գաղթի ճանապարհին, սակայն նրա հիշողություններում անցյալը մշուշոտ է, հիմնականում պատկերվում է մանկական խաղերի և Իգդիրում թողած տան մասին հիշողություններով:
Սուտեն Հայոց ցեղասպանության մասին ու թշնամու մասին խոսլեիս հիշում է, որ իր եղբայրն ու քույրը թուրքերի «ձեռքով են գնացել»:
Պատմական տեղեկանք
Թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբինի տեղեկություններով` 15-18-րդ դարերում Օսմանյան կայսրության տարբեր տարածքներում ոչնչացվել է շուրջ 300 հազար եզդի։ Առաջին աշխարհամարտից առաջ Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 750 հազարից ավելի եզդի, նրանցից 500 հազարը սրի քաշվեց:
1937 թվականին Սուտեն ամուսնացել է, ունեցել հինգ երեխա, ում 1954 թվականից` ամուսնու մահից հետո, ստիպված է եղել միայնակ մեծացնել: Այդ ժամանակ նրա ամենակրտսեր երեխան եղել է մոտ 2 տարեկան:
«Ես իմ աչքը բացել, չեմ բացել, դարդ եմ տեսել, թափառական եմ եղել, դարդի մեջ կորել եմ, ամեն ինչ տեսել եմ…»,- կյանքի անցած ուղուն գնահատական տալով` ասում է պատմության հերոսուհին` հպարտությամբ շեշտելով, որ իրեն վատ թե լավ, բայց հաջողվել է հինգ երեխաներին խնամել, մեծացնել և ամուսնացնել:
Աշխատասեր կինը երկար տարիներ զբաղվել է անասնապահությամբ, աշխատել որպես կթվորուհի:
«Կթվորուհի եմ եղել, աշխատել եմ որտեղ ասես»,- հիշում է Սուտեն: Ուրախ է, որ չնայած կյանքի դժվարություններին` այժմ շրջապատված է իր ընտանիքի մոտ 80 անդամների հոգատարությամբ և սիրով: Թոռներից ու ծոռներից յուրաքանչյուրի օժիտը խնամքով պատրաստելու գործը ընտանիքում նույնպես նրան է վստահվել:
Տարեց կինը օրվա մեծ մասը քնում է, ժամանակ հատկացնում հեռուստացույցով սերիալներ դիտելուն, սակայն դա նրան չի խանգարում զբաղվել նաև կենցաղային գործերով: Այս տարիքում էլ մուրաբա է պատրաստում, հավերին կերակրում, ինչպես նաև բոլորին իր ձեռքով եփած տոլմա և խաշլամա համտեսելու հաճույք պատճառում:
«Ճաշի մեջ յուղն իրեն երբեք չի բավարարվում: Նա միշտ ասում է, որ ճաշի յուղ պետք է տեղը-տեղին լինի: Երբեք երշիկեղեն, նման այլ սննունդ չի ուտում, փոխարենը շատ է սիրում ոչխարի միս»,- շարունակում է Վազիրը` ավելացնելով, որ ընտանիքի ամենատարեց անդամը առանձնակի տեղ է տալիս նաև իրենց կրոնին: Բոլորին հորդորում է ապրել աշխատանքով և ժամանակը պարապուրդի չվատնել:
Այժմ Սուտեն, իր իսկ բնոշորմամբ, արդեն «խեղճացել» է, չի կարողանում լավ լսել և տեսնել: Հույս ունի, որ Հայոց ցեղասպանությունը վաղ, թե ուշ միջազգային ճանաչում կստանա, քանի որ իր ամենօրյա առավոտյան աղոթքից անմասն չի մնում նաև ցեղասպանության ճանաչման թեման:
Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները` Արև Գրիգորյանի