Յուրմալայի առաջին մրցույթի հաղթող Նարինե Հարությունյանը բացահայտում է իր հաջողությունների և Հայաստանը լքելու «գաղտնիքները»

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 27 տարի առաջ` 1986 թվականին, Յուրմալա քաղաքում անցկացված էստրադային երգիչների առաջին մրցույթում, որը հետագայում ստացավ «Նովայա վոլնա» անվանումը, հաղթական դափնին ուղևորվեց Հայաստան: Մրցույթի հաղթողը 20-ամյա Նարինե Հարությունյանն էր, ով մինչ այդ արդեն հասցրել էր հանդես գալ տարբեր բեմերում: Իր անզուգական հայկական երգերով հանրությանը հուզած երգչուհին, այնուամենայնիվ. անցավ փշոտ ճանապարհով` թե' Յուրմալա մեկնելուց առաջ, թե' հաղթանակից հետո Խորհրդային Հայաստանը «չընդունեց» նրան: Հուսալքված և հիասթափված` տաղանդավոր երգչուհին 1990-ականներին մեկնեց ԱՄՆ և այնտեղ սկսեց ծավալել իր գործունեությունը: «Արմենպրես»-ի թղթակից հանդիպեց երգչուհու հետ նրա Հայաստան կատարած այցի ընթացքում: Նարինեն մտովի տեղափոխվեց անցյալ, վերհիշեց Յուրմալայի տարիները, խոսեց իր ծրագրերի և ստեղծագործական ձեռքբերումների մասին:

-Նարինե, Դուք երկար տարիների ընդմիջումից հետո կրկին Ձեր հայրենիքում եք: Ի՞նչ առիթով եք վերադարձել Հայաստան:

-Պարզապես եկել էի մայրիկիս տեսնելու: Ես Հայաստան որպես երգչուհի չեմ եկել, եկել եմ որպես քաղաքացի, բայց ամեն ինչ փոխվեց, և ընկերներս միանգամից ինձ գործի դրեցին: Օրերս մասնակցեցի «Երգ երգոց» նախագծի նկարահանումներին ` կատարեցի Առնո Բաբաջանյանի «Վերադարձրու ինձ երաժշտությունը» («Верни мне музыку») երգը: Այցիս ընթացքում հանդիպեցի ընկերներիս` կոմպոզիտոր Արամ Սաթյանի և երգչուհի Զառա Տոնիկյանի հետ: Շնորհավորեցինք Սաթյանին Կոմպոզիտորների միության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ: Սաթյանը մտքեր ունի նոր երգերի հետ կապված, տեսնենք` ինչ ենք պատրաստում:

-Վերջին անգամ Հայաստանում եք եղել 1994 թվականին: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում երկրում:

-Փոփոխությունները շատ են: Օրինակ, Հյուսիսային պողոտան նախկինում չկար: Բայց քաղաքում զբոսնել դեռ չեմ հասցրել: Միայն մի բան է տխրեցնում, որ ծառ ու ծաղիկ շատ չկա, չէ՞ որ մենք պետք է չկտրվենք բնությունից:

-Արամ Սաթյանի հետ վաղո՞ւց եք համագործակցում:

-1980-ականների սկզբից, մի ամբողջ կյանք միասին ենք: Դե, ես համագործակցելու պատիվ եմ ունեցել շատերի հետ` Էդվարդ Միրզոյանի, Լուսինե Զաքարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Կոնստանտին Պետրոսյանի և, իհարկե, Արամ Սաթյանի: Այն տարիներին երգչուհիները շատ չէին, և ամեն մեկն իր ուրույն ձայնն ուներ:

-1986 թվականին Ձեր կյանքում մեծ շրջադարձ եղավ. Դուք մասնակցեցիք Յուրմալայի մրցույթին և առաջին տեղը գրավեցիք:

-Մինչ այդ Մոսկվայում հաճախ էի ելույթներ ունենում: Երգչուհի Սյուզան Մարգարյանն այդ տարիներին սովորում էր թատերական ինստիտուտում և չէր կարողանում մեկնել Մոսկվա ու մասնակցել համերգների, և շատ հաճախ նրա փոխարեն ինձ էին ուղարկում: Հայաստանում ինձ հատկապես ճանաչում են Արամ Սաթյանի «Սերն անցավ» երգով, որը ժամանակին հենց Սյուզան Մարգարյանի համար է գրվել: Հայրենիքս այդ մրցույթին ինձ ուրախությամբ չի ճանապարհել: Ես նույնիսկ այդ մասին գիրք եմ գրում` «Նարինեն` Նառայից առաջ» խորագրով: Ես արգելված երգչուհի եմ եղել: Շոու-բիզնեսում եթե մեջք չունեցար, ոչ մեկն ես: Ամենուր այդպես է: Կարևոր չէ, թե դու ով ես, կարևոր է, թե դու ում գիտես: 1985-ին Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր Արմեն Սմբատյանն ինձ կանչեց իր մոտ և պատմեց Յուրմալայի նոր մրցույթի մասին, բայց նշեց, որ գնալուս հավանականությունը շատ քիչ է: Որոշ ժամանակ անց Մոսկվայից Հայաստան եկավ Վլադիմիր Դավիդենկոն, ով 15 հանրապետություններում փնտրում էր երգիչների: Կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը զանգահարեց ինձ և շտապ իրենց տուն կանչեց: Այնուհետև ինձ ծանոթացրին Դավիդենկոյի հետ, և նա խնդրեց նվագել ու երգել մի ստեղծագործություն: Հավանեց և ասաց`«գնում ես Յուրմալա»: Որոշեցինք մրցույթին երգել Սաթյանի երգերը: Անհրաժեշտ էր ձայնագրություն պատրաստել Մոսկվա ուղարկելու համար, սակայն Սմբատյանը թույլ չտվեց ձայնագրել: Ձայնագրության հարցում օգնեց Արտավազդ Եղոյանը: Մի կերպ վատ որակով կարողացանք ինչ-որ բան պատրաստել: Հետո Արամ Սաթյանը մի կերպ փոխանցեց ձայնագրությունը Դավիդենկոյին: Այնուհետև հաղորդագրություն եկավ, որ գնամ Յուրմալա: Արագ պատրաստեցինք ռուսերեն երգ, և ես պատրաստվեցի մեկնել: Մինչ այդ ինձ կանչեցին ՀամԼԿԵՄ Կենտկոմ` հարցազրույցի- հարցաքննության: Ասում են, որ Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել էր, թե ոչ ոք չի մասնակցելու այդ մրցույթին, այդ ինչպե՞ս է ստացվել, որ ես գնում եմ: Իսկ ես պատասխանում եմ` Դավիդենկոն ոչ իմ սիրեկանն է և ոչ էլ բարեկամս: Համ ԼԿԵՄ Կենտկոմ-ում ասում են, թե ուղղակի զարմացած են, բայց թողնում են մեկնել: Ինքնաթիռի մեջ հանդիպեցի երկու հայ տղաների` Գրիշային և Արմենին, ովքեր ինձ շատ են աջակցում Ռիգայում: Օդանավակայանում ինձ դիմավորող չեղավ, նրանք ուղեկցեցին ինձ և ներակայացան որպես իմ պրոդյուսեր և մենեջեր: Յուրմալայի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները մեզ ծափահարում էին և ասում` կեցցե հայերը, որ ուղարկել են իրենց երգչուհուն պրոդյուսերի և մենեջերի հետ: Հաջորդ մրցույթին արդեն բոլորը մենեջերներով և պրոդյուսերներով էին գալիս Յուրմալա: Իսկ մրցույթի ժամանակ ես խախտեցի օրենքը և երկու երգերն էլ հայերեն երգեցի: Եվ հանկարծ շահեցի առաջին մրցանակը:

Նախկինում Հայաստանում ես ինձ զգում էի որպես ինչ-որ մեկի փոխարինող: Սյուզին չի կարող գնալ Մոսկվա, ինձ են ուղարկում, չի կարող երգել այսինչ երգչի հետ, ես եմ գնում: Ես շնորհակալ եմ, իհարկե, Սյուզիին դրա համար, որովհետև ես Անատոլի Բատխինի հետ երգեցի և համագործակցեցի:

-Նա Ձեզ ժամանակին իր «հոգու գենոցիդ» էր անվանել:

-Երբեք ոչ մի հայ իմ մասին նման բան չի ասել: Նա ինձ զգում էր, ցանկանում էր ինչ-որ բանով օգնել: Երևի, Աստված ինձ հետ էր:Ցավոք, Յուրմալայից հետո ես Հայաստանում բազմաթիվ հալածանքների ենթարկվեցի, նույն ճնշումն էր, ինչ մինչ մրցույթի մասնակելն էր: Բազմիցս հրավիրում էին Մոսկվա, անգամ Ադրբեջան`ապրելու, աշխատելու: Ես դեմ էի, ասում էի`հայ եմ, պիտի մնամ Հայաստանում: Հետո լքեցի երկիրս, որովհետև զգացի, որ պետք չեմ Հայաստանում և մեկնեցի ԱՄՆ:

-ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն եք ծավալում, անգամ Ձեր սեփական խումբն ունեք, որ Nara’s band է կոչվում: Ինչպե՞ս է այն ստեղծվել:

-Գիտեք, կարծում եմ, որ իսկական արվեստագետը պետք է գիժ լինի: Եթե դու չես գժվում, չես կարող ստեղծագործել: Պարզապես հնարավոր չէ: Եթե սառը լինես, սառն էլ կերգես: Ցավոք, այսօր գժեր մեր երկրում գրեթե չունենք: Նախկինում Շիրազ ունեինք, իսկ հիմա՞…Իմ բենդում տարբեր` յոթ ազգի ներկայացուցիչներ են երգում: Անգամ տարբեր լեզուներով եմ սկսել երգել: Կարծում եմ, կապ չունի` ինչ ես երգում, կարևորը երգիդ մեջ հոգիդ ներդնելն է:

-Ձեր որդին է՞լ է երաժշտությամբ զբաղվում:

-Այո, նա էլ էլեկտրոնային երաժշտություն է ստեղծում:

-Նշեցիք, որ ինքնակենսագրական գիրք եք գրում «Նարինեն` Նառայից առաջ» վերնագրով: Ե՞րբ պատրաստ կլինի:

-Դեռ աշխատում եմ: Կյանքս դեռ չի վերջացել, չգիտեմ` երբ այն լույս կտեսնի, կարևորն ամեն ինչ հիշելն ու վերարտադրելն է: Ցավով պիտի նշեմ, որ ԱՄՆ շուկայում հայտնվելու երկու հնարավորություն եմ կորցրել այն ժամանակ, երբ ինձ առաջարկեցին համագործակցել The doors խմբի և Սելին Դիոնի պրոդյուսերները: Մերժեցի առաջարկները` անգլերենի վատ իմացության և վախի պատճառով: Ափսոսում եմ, իհարկե:

-Հայաստան վերադառնալու մասին մտածե՞լ եք:

-Ես այստեղ ծնվել եմ, սա իմ հողն է, արմատներս այստեղ են: Երեխան, թողնելով իր հայրենի հողը, թռչում է մեկ այլ տեղ` իր երջանկությունը գտնելու: Ես ուղղակի գնացել եմ իմ մայր հողից, բայց ինձ ոչ ոք չի կարող արգելել վերադառնալ և ասել, որ հայ չեմ: Ես «էրեվանցի» եմ: Իմ հայրենիքն իմ մայրն է` ես երբ ցանկանամ, կգամ տեսնելու:

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից

Հայերեն