Սփյուռք

Շառլ Ազնավուրը Երուսաղեմի Մայր տաճարում աղոթել է ու այցելել Հայոց պատրիարքարան

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը Երուսաղեմի Մայր տաճարում աղոթել է ու այցելել Հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում Շառլ Ազնավուրն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և առանձնազրույց ունեցել Երուսաղեմի Հայոց պարտրիարք Նորին Մեծություն Նուրհանարքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պատրիարքարանի պաշտոնական կայքը, աշխարհահռչակ շանսոնյեին պատրիարքարանի մոտ դիմավորել են Սուրբ Թարգմանչաց դպրոցի աշակերտները: Նրան ուղեկցել են Սուրբ Հակոբոս տաճարի քահանաները:

Ազնավուրը շրջել է Մայր տաճարի տեսարժան վայրերով, աղոթել, ապա ջերմորեն զրուցել Նորին Մեծություն Նուրհանարքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Եկեղեցու դարպասների մոտ սպասել են բազմաթիվ հայորդիներ, ովքեր ցանկանում էին լուսանկարվել մեծ երգչի հետ:

Լեգենդար շանսոնյեն նոյեմբերի 23-ին միակ համերգով հանդես է եկել Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում:

89-ամյա Շառլ Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, իր ուղևորությունը նվիրել է խաղաղության և հանրային իրազեկության խթանմանը: 2011 թ. եգիչն արժանացել է Երուսաղեմի Հրեական համալսարանի Scopus Award պարգևին: Ազնավուրի որոշ երգեր թարգմանվել են եբրայերեն:

Յոթանասուն տարվա իր կարիերայի ընթացքում Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, ստեղծել ավելի քան հազար երգ: Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Իսկ ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում