Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կիևում է

3 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Կիևում է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակությունը նոյեմբերի 24-ի երեկոյան մեկնել է այս տարի մրցույթը հյուրընկալող քաղաք Կիև: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հաղորդել է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարԳոհար Գասպարյանը:

Եվրոպայի հեղինակավոր պատանեկան մրցույթին Հայաստանը ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանն իր Choco Factory` «Շոկոլադի ֆաբրիկա» երգով:

Թե որ համարի ներքո հանդես կգա մեր պատվիրակը, հայտնի կդառնա նոյեմբերի 25-ի երեկոյան, երբ մասնակիցներից յուրաքանչյուրն իր ձեռքով կհանի վիճակահանության թիվը: Մոնիկայի հետ բեմում լինելու են նաև նրա ընկերները, ովքեր հանդես են գալու որպես շոկոլադի ֆաբրիկայի աշխատակիցներ:

«Շոկոլադի ֆաբրիկա» երգի հեղինակներն են Մոնիկան և նրա վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանը: Երեխաների հագուստները հեղինակել է դիզայներ Լիլիթ Մարգարյանը: Երգի գործիքավորումն իրականացրել է Մարտին Միրզոյանը, իսկ բեմադրությունը` Վահան Բադալյանը:

Մրցույթին ընդառաջ` նոյեմբերի 22-ին հրավիրված ասուլիսում Մոնիկա Ավանեսյանըխոստովանել էր, որ շատ է ուրախացել Հայաստանը ներկայացնելու առթիվ: Նա նշել է, որ կփորձի լավ ներկայացնել իր հայրենիքը, վոկալի ուսուցչուհուն, ինչպես նաև ջութակի պրոֆեսոր Արմեն Հարությունյանին:

«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ Be Creative նշանաբանի ներքո: Հայաստանը մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: «Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է:

Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի առավելագույն թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը: Այս տարի, նախորդ մեկի փոխարեն, կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել «Մանկական Եվրատեսիլ-2014»-ին:

Մրցույթին մասնակցում է 12 երկիր`Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Սան Մարինոն, Ուկրաինան , Շվեդիան:

Հայաստանում հեռուստադիտողը հնարավորություն կունենա մրցույթը դիտել Առաջին ալիքով նոյեմբերի 30-ին ժամը 20:45-ին:

Լուսանկարը` Գոհար Գասպարյանի ֆեսյբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում